Ճապոնիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ՝ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում, 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը։

Հզոր ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 00:14-ին։ Սեյսմիկ իրադարձության աղբյուրը գտնվել է 50 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր վնասների մասին այս պահին տեղեկություններ չկան։

Հաղորդվում է, որ Տոկիոյում շենքերը ցնցվում են, սակայն ցունամիի նախազգուշացում դեռևս չի եղել։ Ըստ սեյսմոլոգների՝ նման ուժգնության ցնցումների ժամանակ սովորաբար ցնցվում են կոմունալ ցանցերի հենարանները։ Պատուհանները կարող են կոտրվել կամ ընկնել, ճանապարհները կարող են մասամբ փլվել:

Մինչ այս Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,7 մագնիտուդ։ Գերատեսչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իվակի քաղաքից 15 կիլոմետր հեռավորության վրա։