Էրդողանն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և նրա ինտեգրմանը եվրատլանտյան ինստիտուտներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուկրաինացի պաշտոնակցի՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է, որ աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը, տեղեկացրել է «Անադոլու» գործակալությունը։

Նա նաև հայտնել է, որ սկզբից ևեթ «արվում է հնարավոր ամեն բան, որպեսզի վերջ դրվի պատերազմին բանակցությունների հիման վրա։ Մենք պատրաստ ենք խաղաղության գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի մասնակցությամբ։ Մեր խորհրդակցությունների ընթացքում մենք կարծիքներ ենք փոխանակել Սև ծովում կայունության հարցերի հետ կապված, ինչպիսին են արտահանման միջանցքները և նավարկության անվտանգությունը։ Ինչպես գիտեք, Սևծովյան նախաձեռնությունը կանխել է գլոբալ պարենային ճգնաժամը՝ ավելի քան 33 մլն տոննա հացահատիկ հասցնելով կարիքավորներին։ Եթե կա նոր համաձայնության հասնելու մտադրություն կողմերի միջև, մենք պատրաստ ենք աջակցել, ինչես և առաջ»,- թուրքական ԶԼՄ-ն մեջբերել է նախագահի խոսքերը։

Էրդողանի խոսքով՝ Ուկրաինայի համար շատ կարևոր է ոտքի կանգնել տնտեսական առումով և ապահովել իր մշտական անվտանգությունը հետագայում։

Էրդողանն այս համատեքստում հայտնել է, որ իր աջակցությունն Ուկրաինայի եվրատլանտյան ինտեգրման հարցում մնում է անփոփոխ։