Ոչ թե դիվերսիֆիկացիա, այլ հարաբերությունների սրում. ի՞նչ են ուզում ՀՀ իշխանությունները

Ռուս-հայկական հարաբերություններում այսօր տեղի ունեցող գործընթացները ամենևին էլ դիվերսիֆիկացիա չեն։ Երբ փորձում ես զարգացման լրացուցիչ ուղիներ փնտրել, չես քանդում զարգացման հիմնական վեկտորը, ինչպես անում են Հայաստանի իշխանությունները։ Ակնհայտ է, որ Մոսկվայի հետ քաղաքական հարաբերությունները խզելու միտումնավոր քաղաքականություն է տարվում։

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Արման Ղուկասյանը․ «Հետաքրքիր է, որ Հայաստանի իշխանությունները քաղաքականապես շարժվում են դեպի Արևմուտք, բայց ցանկանում են տնտեսական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, քանի որ հիանալի հասկանում են՝ Հայաստանն ուղղակի այլընտրանք չունի ռուսական շուկային։ Եվրոպական շուկաները լոգիստիկայի և ներքին այլ խնդիրների պատճառով չեն կարող այլընտրանք դառնալ, եվրոպական շուկաներում հայկական ապրանքները մրցունակ չեն այլ երկրների ապրանքների հետ, որոնք ընդհանուր սահման ունեն»։

Ղուկասյանի խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը շատ հպարտ է 2023 թվականի երկնիշ տնտեսական աճով, սակայն այդ աճը (մոտ 9%) ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության արդյունքն է. «Միայն Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականին կազմել է ավելի քան 7 միլիարդ դոլար (աճը՝ 42,7%)։ Սակայն Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն նշում այն ​​առավելությունների մասին, որ տալիս են Ռուսաստանը և ԵԱՏՄ մնացած երկրները մեր տնտեսությանը»։

Ղուկասյանը նշեց, որ Փաշինյանի Ժնև և Փարիզ կատարած այցից հետո Հայաստանում հակառուսական հռետորաբանությունը շատ ավելի ակտիվացել է, իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներից ամեն օր քննադատություններ ենք լսում ՌԴ հասցեին։ Եվ դա արվում է ոչ թե խնդիրները լուծելու համար, այլ վերջնականապես Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու։ Արման Ղուկասյանի համոզմամբ՝ երկրների միջև խնդրահարույց հարցերը լուծվում են փակ դռների հետևում, ոչ թե հրապարակային քննադատություններով։

Հատկանշական է, որ նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Հայաստանը պաշտոնապես չի ծանուցել Ռուսաստանի Դաշնությանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից իր սահմանապահների դուրսբերման մասին։ Պեսկովի հայտարարությանը անմիջապես հաջորդեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, թե Հայաստանն արդեն գրավոր ծանուցել է ՌԴ-ին ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին: Հաջորդ քայլն, ըստ Ղուկասյանի, ամենայն հավանականությամբ կլինի ՀԱՊԿ-ից դուրս գալու, ռուս սահմանապահներին Հայաստանի ողջ տարածքից դուրս բերելու փորձերը, որից հետո հերթը կհասնի Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազային. «Սա արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացո՞ւմ է, թե՞ անվտանգության համակարգի, ինչպես ասում են ​​իշխանությունները։ Մենք բոլորս հանդես ենք գալիս Հայաստանի բարօրության և բարգավաճման, նրա ինքնիշխանության և անվտանգության օգտին, սակայն այդ քայլերն ու այն քաղաքականությունը, որ այսօր իրականացնում է ՀՀ կառավարությունը, չեն կարող ապահովել մեր երկրին լավ ապագա։ Այս քայլերը, հակառակը, մեզ համար ավելի լուրջ ռիսկեր ու սպառնալիքներ են ստեղծում։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե Փաշինյանը ծրագրում է աշնանը հանրաքվե անցկացնել Սահմանադրությունը փոխելու համար, Ղուկասյանն ընդգծեց, որ եթե հանրաքվե լինի, ապա ժողովուրդը պետք է քվեարկի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության օգտին, և ՀՀ իշխանությունների կողմից 44-օրյա պատերազմից հետո հակառուսական տրամադրությունների ընդգծված գեներացումը հենց վերը նշված նպատակն է հետապնդում։ Այսինքն, ժողովուրդը քվեարկելու է իշխանությունների ակնհայտ քարոզչությամբ ուղղորդված, քանի որ վերջին երկու-երեք տարվա ընթացքում ամբողջ պետական ​​քարոզչամեքենան, օգտագործելով բոլոր հնարավոր տեղեկատվական ռեսուրսները, ՌԴ-ին մեղադրել է ամենատարբեր մեղքերի մեջ, որոնք այս իշխանություններն են գործել։

«Ցավով պետք է արձանագրենք, որ 2023 թ-ին Ռուսաստանի հանդեպ բարիդրացիական հարևան երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը, մինչդեռ 2022 թվականին Հայաստանը 5-րդ հորիզոնականում էր։ Մեկ տարում վարկանիշային աղյուսակում մեծ անկում ենք ապրել՝ շնորհիվ այն քաղաքականության, որն այսօր ակտիվորեն իրականացնում է պաշտոնական Երևանը»,- եզրափակեց Ղուկասյանը։