Ադրբեջանցի բարբարոսների ձեռքերը հասան Ծարի եկեղեցիներին

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«2024 թվականի փետրվարի 21-ին «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում տեղադրվեցին օկուպացված Արցախի Ծար բնակավայրում գտնվող Սբ․ Սարգիս և Սբ․ Գրիգոր եկեղեցիների լուսանկարները՝ վերցված ադրբեջանական համացանցային աղբյուրներից:

Դատելով լուսանկարներից՝ ադրբեջանական կողմը որոշակի աշխատանքներ է սկսել եկեղեցիների շուրջը: Եկեղեցիների առջևի տարածքը հարթեցված է, երևում են շինտեխնիկայի աշխատանքի հետքեր: Դատելով լուսանկարներից՝ եկեղեցիների շուրջը տեղադրվելու է երկաթե ցանց, տարածքը ցանկապատվելու է և կատարվելու են շինարարական աշխատանքներ:

Լուսանկարներից երևում է, որ արդեն իսկ տուժել է Սբ․ Սարգիս եկեղեցին։ Եկեղեցու մուտքից դեպի աջ՝ ստորին հատվածում գտնվող սրբատաշ քարը խաչային պատկերներով և հետևյալ արձանագրությամբ. «Ես՝ Հայրատուն տվի ս[ուր]բ Ս[ար]գիս :Ա: համադկ/ի հող: Ինձ :Ա: ժամ տվին ի Ծառզարդին: Թ.:…» (հմմտ. ԴՀՎ 5, 219, ուր հողի չափման միավորը՝ «համադկի»-ն ներկայացված է «համաբկի», նկ. 5, 6): «Վերականգնողները» ջարդել-հեռացրել են երկրորդ սալը՝ արձանագրության երկրորդ տողով հանդերձ: Նկատենք, որ «համադկի»-ն որպես հողի չափման միավոր վկայված է միայն արցախյան եզակի արձանագրություններում (Պետրոսյան 1988) և այս վանդալիզմը անդառանալի կորուստ է հայ վիմագրագիտության համար: Ադրբեջանի «խոստումները»՝ հրավիրել «միջազգային փորձագետների», վերականգնումներն անել ամենաբարձր ստանդարտներին համապատասխան, ինչպես միշտ հանգում են փնթի տնայնագործությանն ու հայկական հետքերի ջնջմանը:

Ադրբեջանական «վերականգնողական» աշխատանքների հետևանքով առկա է եկեղեցու արտաքին տեսքի խաթարման մեծ ռիսկ, քանի որ ադրբեջանական կողմը օկուպացված Արցախում գտնվող եկեղեցիներից շատերի վրայի արձանագրությունները, պատերին տեղադրված խաչքարերը, խաչային հորինվածքով քարերը համարում է արհեստական և ոչ բնորոշ «աղվանական» եկեղեցիներին: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ տեսնում ենք Սբ․ Սարգիս և Սբ․ Գրիգոր եկեղեցիների արձանագրությունների և խաչային հորինվածքների, խաչքարերի հետագա ոչնչացման մեծ վտանգ:

Մեր արձագանքը

Այստեղ կարևոր է ընդգծել, Եվրոպական Խորհրդարանի կողմից դեռևս 2022 թվականին ընդունված 2582-րդ՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը, որտեղ Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել հայկական ժառանգության տարածքներում ցանկացած միջամտության բացառումը՝ պահպանելու ժառանգության իսկության սկզբունքները, իսկ վերականգնման աշխատանքները կատարելու բացառապես այդ սկզբունքին համաձայն։

2015 թ. մայիսի 22-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի ընդունած 2057-րդ բանաձևը անդրադառնալով օկուպացված տարածքներում նյութական մշակութային ժառանգության վերականգնմանն ու վերակառուցմանը՝ շեշտում է նման դեպքերում ժառանգության ներքին արժեքի և բոլոր դետալների պահպանության կարևորության մասին, ինչը ենթադրում է նաև տարածքների ինքնության պահպանություն։ Այս փաստաթղթում կարևորվել է ժառանգության էթնիկ և կրոնական պատկանելության վրա հիմնված վերակառուցման/վերանորոգման քաղաքականության իրականացումից խուսափումը։ Եվրախորհրդարանը հորդորում է բոլոր պետություններին շինարարական աշխատանքներում պահպանել ժառանգության իսկությունը և վերականգնման ու վերակառուցման գործընթացում հարգել պատմության բոլոր շերտերը՝ պահպանելով ժառանգության բնականությունն ու իրական բնույթը»։