ՔՊ-ին անհանգստացնում է «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների առկայությունը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օրակարգում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ՌԴ սահմանապահների տեղակայված լինելու հարցը։
Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը որևէ կերպ անհանգստացնո՞ւմ, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղակայված են ՌԴ սահմանապահները։
«Այո, մեզ այդ հարցը անհանգստացնում է, ինչպես մեր հանրության մեծ մասին։ Այդ հարցը մեր քաղաքական թիմի օրակարգում է, քննարկումներ են տեղի ունենում, քննարկումների արդյունքում, երբ որոշումներ լինեն, այդ որոշումների մասին բոլորս կիմանանք ինստիտուցիոնալ ճանապարհով»,- ասաց Հովհաննիսյանը։
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ ճիշտ կլինի, որպեսզի Ռուսաստանի Դաշնության սահմանապահները դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Սիմոնյանի հայտարարությանը, նշել էր, որ Ռուսաստանը Հայաստանի իշխանություններից ծանուցում չի ստացել «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահներին դուրս հանելու վերաբերյալ։