Մարտի 1-ից ավելի քան 400 դեղեր կվաճառվեն էլեկտրոնային դեղատոմսերով

Կառավարության նիստում ներկայացվեց նախագիծ, համաձայն որի՝ նախատեսվում է անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, ինչպես նաև համակարգային ազդեցությամբ հակավարակային (հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերի, իմունային շիճուկների և իմունոգլոբուլինների, պատվաստանյութերի) և միզոպրոստոլ պարունակող դեղերի մասով դեղատոմսերը դուրս գրել էլեկտրոնային տարբերակով:

«Սա կբերի ինքնաբուժության նվազման, որակյալ, արդյունավետ և նպատակային բժշկական օգնության տրամադրման, բժշկական կազմակերպություններում ավելորդ հերթերից խուսափման, բնակչության իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև բժշկական կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման որակի, վերահսկողության բարձրացման»,- ասաց զեկուցող առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։

Նա նշեց, որ այս որոշումը վերաբերում է 470 դեղամիջոցի։  Մարտի 1-ից այդ դեղամիջոցները կարող են ձեռք բերել էլեկտրոնային տարբերակով։

Ջումայանը հստակեցրեց, որ ներկայացված նախագծով 2025 թվականի հունվարի 1-ից անցնելու են ամբողջ դեղորայքի դուրս գրմանը էլեկտրոնային եղանակով։

«2025 թվականի հունվարի ևս 2566 դեղանվանում կանցնեն էլեկտրոնային դեղատոմսով»,- ասաց փոխնախարարը։

Նա տեղեկացրեց, որ ընդհանուր 3370 գրանցված անվանում կա, որից 2566-ը պետք է դուրս գրվեն դեղատոմսով։

Առավել մանրամասն՝ նախագծում  https://www.e-gov.am/sessions/  (26-րդ հարց)։