Մարդիկ տարիներ ի վեր զավթել են համայնքին պատկանող կանաչապատ տարածքը․ Նոր Նորքի ղեկավար

Նոր Նորքի այդ շինությունները սեփականաշնորհման ենթակա չեն, և պետք է քանդվեն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 29-ին, լրագրողներին ասաց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։ «Սա կանաչապատ տարածք չէ, ծառեր կան, բայց բարեկարգ չէ։ Ինձ բազմիցս դիմել են բնակիչները այդ տները սեփականաշնորհելու համար, սակայն ես ասել եմ, որ սեփականաշնորհելու տարբերակ չկա»,–ասաց Տիգրան Տեր-Մարգարյանը։

Անդրադառնալով բնակիչներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին հարցին՝ Տեր-Մարգարյանն ասաց․ «Կարող ենք քննարկել և աջակցել մեր հնարավորությունների սահմանում։ Այսինքն՝ եթե մոստը քանդվի, ես պարտավոր եմ մոստի տակ ապրողներին կացարանով ապահովե՞լ։ Մարդիկ տարիներ շարունակ զավթել են կանաչապատ տարածք, որը համայնքինն է։ Այստեղ կա ընտանիք, որն ունի սեփականության վկայական, այդ մարդուն այսօր ապահովել ենք արդեն բնակարանով»։

Շրջանի ղեկավարը վստահեցրեց, որ այդ տարածքը չի վաճառվելու․ «Այստեղ շենքեր չեն լինելու, այլ լինելու է բարեկարգ կանաչապատ տարածք»։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու Վալենսիա համալիրի միջև ընկած տարածքի ինքնակամ կառուցված բնակելի տները քանդվելու են։ Բնակիչները քաղաքապետի որոշմանը դեմ են, և փորձում են արգելել քանդման աշխատանքներին։ Նրանք նշում են, որ իրենց ծանուցում չի եկել, և ընդամենը 2 օր ժամանակ են տվել՝ տները լքելու համար։ Այժմ տարածք են բերվել մեծ թվով ոստիկաններ՝ հասարակական կարգը պահպանելու համար։