Որքան նման են իրար Մակրոնն ու Նիկոլը, երկուսն էլ եսամոլ, իրենց իշխանությունը պահպանելու համար պատրաստ ցանկացած քայլի

Որքան նման են իրար Մակրոնն ու Նիկոլը, երկուսն էլ եսամոլ, իրենց իշխանությունը պահպանելու համար պատրաստ ցանկացած քայլի, առաջինը՝ մինչև իսկ Երրորդ համաշխարհային, երկրորդը՝ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակում և հայ- ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմ հրահրելուն, այսինքն՝ նրանցից յուրաքանչյուրն իր քաղաքական տրամաչափին համապատասխան ոճրագործության:

Մակրոնը ցանկանում է Երրորդ համաշխարհային պատերազմ հրահրել անձնական իշխանությունը պահպանելու համար: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինա եվրոպական ցամաքային զորքեր ուղարկելու հնարավորության մասին հայտարարությունը:

«Անձնական իշխանությունը պահպանելու համար Մակրոնն ավելի լավ բան չի մտածել, քան Երրորդ համաշխարհային պատերազմը հրահրելը,- գրել է Վոլոդինը Telegram-ում։- Նրա նախաձեռնությունները վտանգավոր են դառնում Ֆրանսիայի քաղաքացիների համար։ Նման հայտարարություններով հանդես գալուց առաջ, Մակրոնի համար ճիշտ է հիշել, թե ինչպես դա ավարտվեց Նապոլեոնի և նրա զինվորների համար, որոնցից ավելի քան 600 հազարը մնացին խոնավ հողում»:

Մակրոնը, Պարոն Վոլոդինի կարծիքով, սարսափեցրել է իր քաղաքացիներին և եվրոպական մի շարք պետությունների ղեկավարներին: Պետդումայի նախագահը Ֆրանսիայի նախագահի խոսքերը կապել է տնտեսության և արտաքին քաղաքականության խնդիրների պատճառով նրա վարկանիշի նվազման հետ:  Խնդիրը, սակայն, Մակրոնի վարկանիշի նվազումը, ավելի ճիշտ, գահավեժ ու խայտառակ անկումը և անձնական իշխանությունը կորցնելու հեռանկարը չեն միայն:

Մակրոնը հստակ գիտակցում է ոչ միայն այն, որ Ֆրանսիայի հաջորդ նախագահական ընտրություններում չի ընտրվելու, իր ընտրվելը բացառված է, այլև տեսնում է ներկայիս պաշտոնից զրկվելուց կարճ ժամանակ հետո քրեական խստագույն պատասխանատվության առաջ կանգնելու հեռանկարը, հետևաբար հակված է ցանկացած գնով պահպանել իր անձնական իշխանությունը:

Երբ ժամանակը գա, Մակրոնի նկատմամբ մեղադրանքների պակաս չի լինի, դրա համար բավական է թեկուզ միայն Փարիզում և այլուր բողոքի զանգվածային միջոցառումների ժամանակ իր և իր իշխանության քաղաքականության, գործունեության դեմ հանդես եկած ու ուժայինների հետ բախումների ընթացքում զոհված, հաշմված, վիրավորված ֆրանսիացիների մեծ ցուցակը՝ սկսած «դեղին ժիլետների» բողոքի շարժումից, մինչև վերջին շրջանում ֆերմերների բողոքի ճնշումը: Կասկած չկա, որ երբ իշխանությունից զրկվի, կոռուպցիոն բնույթի հանցագործություններ էլ կբացահայտվեն: Սրան գումարած՝ Ֆրանսիայի ծաղկուն տնտեսության ավերումը…

Ինչպես նշել ենք «Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 46» մեր երեկվա վերլուծականում , Մակրոնը, Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ու նրանց բոլոր համախոհները գիտենալով իրենց գլխի գալիքը, ընկել են ողջ մարդկության համար վտանգավոր հիստերիայի մեջ: Տեսնելով հատուկ ռազմական գործողության գոտում ՌԴ Զինված ուժերի վերջին շրջանի հաղթանակները, Ավդեևկայի և մեկը մյուսից հետո այլ բնակավայրերի ազատագրումը, հակամարտության ամբողջ գոտում Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատերազմում վերջինիս ռազմավարական պարտության հեռանկարը, արդեն կատաղության վիճակում են:

Վերոնշյալի առումով տեղին է զուգահեռ անցկացնելը Մակրոնի և Նիկոլի միջև, քանի որ, ինչպես Մակրոնը, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն էլ անձնական իշխանությունը պահպանելու և քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով, նույնպես պատրաստ է ցանկացած քայլի: Ընդհուպ՝ Ադրբեջանին հրահրելուն, սադրելուն կամ այն բոլոր պայմանների ստեղծմանը, որոնց պարագայում Ալիևն արդեն հնարավոր կհամարի ՀԱՊԿ- ի և Ռուսաստանի պաշտպանությունից զրկված Հայաստանի վրա հարձակվելը: Նիկոլը և իր ոհմակն այժմ հենց դրանով էլ զբաղված են:

 

Արթուր Հովհաննիսյան