Ո՛չ ԵՄ-ը, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԱՄՆ-ը պատրաստ չեն նույնիսկ ֆորմալ՝ թղթի վրա, տալ այն երաշխիքները, որ ՀՀ-ն ունի ՀԱՊԿ-ում․ Սերգեյ Մելքոնյան

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այն, ինչ վաղուց արդեն տեղի է ունեցել. հարաբերությունները ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև վաղուց սառեցված են: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին,  «Հայաստանը խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի (ՌԱՀՀԿ) նախաձեռնած քննարկումից առաջ ասաց «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության համահիմնադիր, արևելագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը:

«Հայաստանը ՀԱՊԿ նիստերին չի մասնակցում, զորավարժություններին չի մասնակցում, Հայաստանը մերժում է ընդունել զորավարժություններն իր տարածքում: Հիմա Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններն անցնում են նոր մակարդակի, երբ երկար ժամանակ նիստերին չի մասնակցում, այլև մերժում է կամ չի ստորագրում այն որոշումները, որոնք նիստի ժամանակ ընդունվել են, այսինքն դա արդեն խոչընդոտ է ՀԱՊԿ-ի աշխատանքին: Այդ հայտարարությունը նա արեց ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիայում, որը մեսիջ էր Արևմուտքին, թե մենք պաշտոնական ֆիքսում ենք, որ սառեցնում ենք հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ»,- ասաց նա:

Մելքոնյանը նշեց, որ չնայած սրան՝ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԱՄՆ-ն պատրաստ չեն նույնիսկ ֆորմալ՝ թղթի վրա, տալ այն երաշխիքները, որ ՀՀ-ն ունի ՀԱՊԿ-ում:

«Հիմնականը այն է, որ երբ դու ակնկալում ես Եվրոպայից օգնություն, դու պետք է անես քայլեր, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ, եթե դու դա չես անում, երբեք Արևմուտքի օգնությունը չես ստանա, ոնց դա անում է Ուկրաինան»,-ասաց նա: