Բաքվում գտնվող Զեյնալիին Հայաստանին հանձնելու փաստաթղթերի փաթեթը Դատախազությունն այսօր ուղարկել է ՌԴ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն այսօր ՀՀ իրավասու մարմնից ստացել է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից նախօրեին հայտնաբերված՝ հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցուն Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը:

Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության խոսանակ Լուսինե Մարտիրոսյանը:

«Նշված փաթեթը՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված հանձնման միջնորդության հետ միասին, քիչ առաջ ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալին ավելի վաղ հայտարարել էր, որ իրեն ձերբակալել են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում և տեղափոխել ոստիկանական բաժանմունք։ Զեյնալին նշել էր, որ ոստիկաններն իրեն հայտնել են, որ իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված Հայաստանի կողմից։ Նա նաև նշել էր, որ փետրվարի 21-ին կկանգնի դատարանի առաջ։

Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաստատել է, որ Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ կա հայտարարված միջպետական հետախուզում՝ սպանության մեղադրանքով։

Նրա փաստաբանը հայտնել է, որ Հայաստանը լուրջ մեղադրանքներով հետախուզում էր հայտարարել Քամիլ Զեյնալիի նկատմամբ, սակայն ռուսական պետությունը «հումանիզմ» է դրսևորել։

Ապա Քամիլ Զեյնալիի փաստաբանը հայտնել էր, որ ազատ է արձակվել Ադրբեջանի իշխանությունների աջակցությամբ և վերադարձել Բաքու: