Փոփոխությունները թույլ կտան ապահովել խաղային ոլորտի կազմակերպիչների նկատմամբ աննկատ վերահսկողություն

«ՀՀ-ում առաջին անգամ հնարավոր կլինի խաղային ոլորտի ցանկացած ասպեկտի համար իրականացնել իրական ժամանակում հսկողություն և օրենսդրությամբ պահանջված բոլոր ստանդարտները կդառնան ստուգելի»,-ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի նախագիծը։

Նա հավաստիացրեց, որ նախագծի ընդունման դեպքում խաղային ոլորտի ընկերությունների շրջանառությունները և կատարված խաղադրույքների ծավալներն իրապես ստուգելի և վերահսկելի կդառնա։

«Տարանջատվում է շահումով բոլոր խաղերի տեսակները՝ մոլեխաղը, ինտերնետ մոլեխաղը, բուքմեյքերային գործունեությունը, շահումով այլ խաղերը և այլն»,-ասաց Բադասյանը և տեղեկացրեց, որ սահմանվել է նաև շահումով խաղերի ոլորտների սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները։

Միջազգային չափանիշների համապատասխան տեխնիկական ստանդարտների ներդրումը, ըստ ՊԵԿ նախագահի, պարտադիր կլինի ոլորտում գործունեություն ծավալող բոլոր տնտեսվարողների համար։

«Նախագծով նախատեսում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչը ենթադրում է կազմակերպիչների տեղեկատվական համակարգերի ծրագրային միջոցների և տվյալների բազայի միացումը խաղային ոլորտների կառավարման մոնիտորինգային կենտրոնին։ Փոփոխությունները թույլ կտան ապահովել, ոլորտի թափանցիկություն, կազմակերպիչների նկատմամբ աննկատ վերահսկողություն, նրանց իրական շրջանառությունների վերաբերյալ տեղեկատվության ստացում»,- ասաց Բադասյանը։

«Օրենքով արգելվում են օտարերկրյա պետություններում ստեղծված շահումով խաղերի մասնակցությունը և դրանց գովազդումը  ՀՀ-ում»,-ասաց ՊԵԿ նախագահը։

Նա տեղեկացրեց, որ կարգավորումներով խաղադրույքներ կատարողների շրջանակի սահմանափակումներ կան, դրանց չեն կարող մասնակցել պետական սոցիալական աջակցության ծրագրերից օգտվողները և սոցիալական ապահովման կացարաններում բնակվողնեըը։