«Վանաձոր» ՔԿՀ–ում հացադուլը դադարեցվել է. արդարադատության նախարարություն

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում փետրվարի 9-ին իրականացված խուզարկությունների հետևանքով հացադուլ հայտարարած բոլոր ազատազրկված անձինք դադարեցրել են հացադուլը։

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 9-ին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ծառայողները, ունենալով տեղեկություններ այն մասին, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի խցերում պահվում են արգելված իրեր, ինչպես նաև որոշ ազատազրկված անձինք ձեռք են բերել առավելություններ այլ ազատազրկվածների նկատմամբ, ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողների հետ համատեղ խուզարկել են հիմնարկի խցերը։

Ծառայողները խցերից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ, ինքնաշեն ոգելից խմիչք և այլ արգելված իրեր։

«Վանաձոր» ՔԿՀ-ում պահվող, քրեական ենթամշակույթի կանոններով առաջնորդվող ազատազրկված անձինք նույն օրը՝ փետրվարի 9-ին, տեղափոխվել են այլ քրեակատարողական հիմնարկ, և հաջակցություն վերջիններիս՝ որոշ կալանավորված անձինք և դատապարտյալներ հացադուլ էին հայտարարել։

Փետրվարի 12-ին հայտնել էինք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ու Արմենուհի Կյուրեղյանն այցելել են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ և մի շարք խնդիրներ արձանագրել։ Դանիելյանը շեշտել էր` ամեն ինչ անելու են, որ կալանավորների իրավունքները չոտնահարվեն, արժանապատիվ կացության պայմանները չխախտվեն։

Այսօր հայտնի դարձավ, որ ՄԻՊ ներկայացուցիչները փետրվարի 14-ին չհայտարարված այց են իրականացրել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել հացադուլ իրականացնող անձանց հետ, ուսումնասիրել նրանց առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը:

Ազատությունից զրկված անձինք հարցեր են բարձրացրել խցերում անհրաժեշտ պարագաների, օդափոխության համակարգի, ցուցված դեղորայքի բացակայության, խմելու ջրի որակի և այլնի վերաբերյալ, ինչը, ըստ իրենց, հանդիսացել է հացադուլի պատճառ: