ԼՂ-ից բռնի տեղահանված 1897 ուսանողներ ներգրավված են ՀՀ պետական բուհերի կրթական ծրագրերում (տեսանյութ)

ԼՂ-ից բռնի տեղահանվածների շրջանում բարձրագույն կրթություն ստացողների կրթության իրավունքի վերականգնման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվում է երկու ծրագիր: Դրանցից մեկի համաձայն՝ հաստատվել են սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների 2023-2024 ուսումնական տարվա համար ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը և տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերը՝ ըստ կրթական ծրագրերի: Այդ մասին հումանիտար կենտրոնի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Ծրագրի շրջանակում ԼՂ-ից բռնի տեղահանման հետևանքով Հայաստան եկած ուսանողները ներգրավվում են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատության ծրագրերում:

«Ներկայումս, ԿԳՄՍՆ-ի տվյալների համաձայն, ունենք 4640 սովորողներ, որոնցից 2116-ը ԼՂ-ում սովորել են բարձրագույն ուսումնական հաստատություններում, իսկ 2524-ը՝ նախնական  և միջին մասնագիտական հաստատություններում: Այս տարվա հունվարի դրությամբ՝ ԼՂ-ի բուհերում սովորող, բռնի տեղահանված 1897 ուսանող արդեն իսկ ներգրավված է ՀՀ պետական բուհերի համապատասխան կամ հարակից կրթական ծրագրերում»,- ասաց նա:

Երկրորդ ծրագրով ուսման վարձի փոխհատուցում է նախատեսվում ՀՀ բուհերի ուսանող հանդիսացող ԼՂ այն քաղաքացիների համար, որոնց ընտանիքի անդամները բռնի տեղահանվել են ԼՂ-ից:

Մանրամասները՝ տեսանյութում