Սիգի ձվադրման շրջանում ձկնագողերն ավելի քան 12 մլն դրամի վնաս են պատճառել ՀՀ-ի կենդանական աշխարհին

2023 թվականին ձկնագողերն ավելի քան 12 մլն դրամի վնաս են հասցրել Հայաստանի կենդանական աշխարհին:

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի ընթացքում կատարված աշխատանքի ամփոփիչ միջոցառման ժամանակ այդ մասին հայտարարեց ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը։

Նա նշեց, որ սիգի ձվադրմամբ պայմանավորված Սևանա լճում ձկնորսության արգելքի ընթացքում ԲԸՏՄ, տարբեր նախարարությունների, Գեղարքունիքի մարզպետարանի, Երևանի քաղաքապետարանի և Սննդի անվտանգության տեսչական մարմնի համատեղ իրականացրած կանխարգելիչ միջոցառումների արդյունքում առգրավվել է 2433.1 կգ սիգ տեսակի թարմ ձուկ, 3 լողամիջոց, 227 ձկնորսական ցանց, 23 խեցգետնորսիչ։ Կենդանական աշխարհին պատճառած վնասը գնահատվել է 12 մլն 165 հազար 320 դրամ: Հարուցվել է 5 քրեական գործ:

Ընդհանուր առմամբ, 2023-ին իրականացրած վերահսկողական տարբեր միջոցառումների ընթացքում առգրավվել է 8 որսորդական զենք, 11 լողամիջոց, 254 ձկնորսական ցանց և 1192 խեցգետնորսիչ։

Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Սևանա լճում տեղի էր ունեցել աղմկահարույց միջադեպ: Անօրինական ձկնորսությամբ զբաղվող անձինք շուրջ 200 նավակներով գրոհել էին Նորատուս բնակավայրի հատվածում ծառայություն իրականացնող Ոստիկանության՝ Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցներին և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողներին և հրահրել էին ընդհարում: