Հունաստանն օրինականացրել է միասեռ ամուսնությունները՝ ի հեճուկս Ուղղափառ եկեղեցու

Հունաստանը դարձել է քրիստոնյա ուղղափառների մեծամասնությամբ առաջին երկիրը, որն օրինականացրել է միասեռ ամուսնությունները:

BBC-ի փոխանցմամբ, հինգշաբթի օրը խորհրդարանում քվեարկության արդյունքում՝  ձայների 176-76 հարաբերակցությամբ միասեռ զույգերին այժմ օրենքով կթույլատրվի երեխա որդեգրել:

Երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ասել է, որ նոր օրենքը «կվերացնի լուրջ անհավասարությունը»։

Բայց այն պառակտել է երկիրը, ուղղափառ եկեղեցին կատաղի դիմադրություն է ցուցաբերում։ Ուղղափառ եկեղեցու հետևորդները բողոքի ցույց են անցկացրել Աթենքում։

Մայրաքաղաքի Սինտագմա հրապարակում շատերը պաստառներ են դրել, խաչեր են պահել, աղոթքներ են կարդացել և Աստվածաշնչից հատվածներ երգել:

Ուղղափառ եկեղեցու ղեկավար արքեպիսկոպոս Երոնիմոսը ասել է, որ այն «կխաթարի հայրենիքի սոցիալական միասնությունը»: