«Genesis Armenia»-ի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ

Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի ներկայացուցչական կազմը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպանի հետ:

Պատվիրակությունը գլխավորող քգթ, դոցենտ, Genesis Armenia-ի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեության ուղղվածությունը, գիտավերլուծական, հրապարակային-քաղաքական և կազմակերպական աշխատանքների սպեկտորը, խոսել տարածաշրջանային և համաշխարհային գործընթացների համատեքստում ՀՀ-ԻԻՀ բնական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտության մասին, կարևորել հակահայկական և հակաիրանական քարոզչական ու դիվանագիտական քայլերի չեզոքացմանն ուղղված համատեղ ջանքերը:

Անդրադարձ է եղել հիմնադրամի քաղաքական և գաղափարախոսական հիմքում ընկած կարևոր հարցերի՝ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությանը:

Աբրահամ Գասպարյանն անհրաժեշտ է համարել, որ Իրանը կարողանա ռազմավարական և երկարաժամկետ հեռանկարում դիտարկել Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները՝ բոլոր բաղադրիչներով՝ անվտանգային, տնտեսական, մշակութային, գործուն ներգրավվածություն ունենա Հարավային Կովկասում կայուն, անվտանգ և հուսալի միջպետական հարաբերություններ հաստատելու, հավասարակշռող աշխարհաքաղաքական գործոն դառնալու գործում՝ անկախ չգիտակցված սայթաքումներից և անզգույշ հայտարարություններից:

Այս հարցում, Գասպարյանի խոսքով, Genesis Armenia-ն պատրաստ է իր հանրային և քարոզչական հնարավորություններն ու փորձը կիսել բարեկամ Իրանի դեսպանության հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Բադալյանը, Քաղաքականության և միջազգային հարաբերությունների ոլորտի ղեկավար Արթին Առաքելյանը, պատմագիտական հարցերով խորհրդատու Արմեն Սարգսյանը: