Բայդենն Իսրայելին հորդորել է երաշխավորել Ռաֆահում գտնվող քաղաքացիական անձանց անվտանգությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իսրայելի ռազմական գործողությունը Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում չպետք է շարունակվի՝ առանց այնտեղ ապաստանած ավելի քան մեկ միլիոն մարդու անվտանգությունը երաշխավորելու։ Այս մասին Բայդենը հայտնել է Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպմանը։ Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նրանց (Իսրայելի) խոշոր ռազմական գործողությունը չպետք է շարունակվի՝ առանց վստահելի ծրագրի՝ երաշխավորելու այնտեղ ապաստան գրած ավելի քան մեկ միլիոն մարդու անվտանգությունը և նրանց աջակցությունը։ Շատերը մի քանի անգամ տեղահանվել են՝ փախչելով հյուսիսում տեղի ունեցած բռնություններից», – Բայդենի խոսքերն է մեջբերում Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Գազայի հատվածի 2,3 միլիոն բնակչության կեսից ավելին այժմ Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում է, որտեղ մինչև Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմն ապրում էր ընդամենը 250 000 մարդ։

Բայդենը շեշտել է, որ այդ մարդկանց հարկավոր է պաշտպանել։

«Մենք դեմ ենք Գազայից պաղեստինցիների ցանկացած բռնի տեղահանման», – ասել է Բայդենը։

Օրեր առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ զորքերին հրահանգել է պատրաստվել ցամաքային գործողությունը դեպի Ռաֆահ ընդլայնելուն՝ պնդելով, որ քաղաքում ՀԱՄԱՍ-ի զինյալներ են թաքնվում։ Ռաֆահը վերջին օրերին ենթարկվել է իսրայելական ավիահարվածների, որոնց հետևանքով կան զոհեր։