Արարատ Միրզոյանը մեկնել է Բրյուսել, տեղի են ունենալու կարևոր հանդիպումներ
Փետրվարի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին։
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև Բելգիայի ԱԳ նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստը կկայանա փետրվարի 13-ին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի մասնակցությամբ։
Հանդիպման օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ։ Կքննարկվեն ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքը, այդ թվում՝ ՀՀ-ում իրականացված բարեփոխումների և դրանց արդյունքների մասով։ Կդիտարկվեն նաև տարբեր ոլորտներում ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները՝ հաշվի առնելով ներկայիս առաջնահերթություններն ու առկա մարտահրավերները։ Քննարկվելու են նաև անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և տարածաշրջանային հարցեր։