Սաուդյան Արաբիան մերժել է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը՝ առանց պաղեստինյան պետության ճանաչման

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունն ամերիկյան վարչակազմին ծանուցել է, որ թագավորությունը դիվանագիտական ​​հարաբերություններ չի հաստատի Իսրայելի հետ՝ առանց Պաղեստինի անկախ պետության ճանաչման և Գազայի հատվածից իսրայելական բոլոր զորքերի դուրսբերման: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս»  գործակալությունից:

«Թագավորությունը տեղեկացրել է ԱՄՆ վարչակազմին իր հաստատակամ դիրքորոշման մասին, որ Իսրայելի հետ դիվանագիտական ​​հարաբերություններ չեն լինի, քանի դեռ Պաղեստինի անկախ պետությունը չի ճանաչվել 1967 թ. սահմաններում՝ Արևելյան Երուսաղեմում մայրաքաղաքով, և մինչև Գազայի հատվածում իսրայելական ագրեսիան չդադարի, և բոլոր իսրայելական օկուպացիոն ուժերը չհեռանան Գազայի հատվածից», -ասվում է նախարարության տարածած հայտարարության մեջ։

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն պարզաբանել է, որ հայտարարությունը «վերաբերում է Սաուդյան Արաբիայի Թագավորության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև արաբաիսրայելական խաղաղ գործընթացի շուրջ քննարկումներին» և ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբիի հայտարարությանը։

Ավելի վաղ ճեպազրույցում Քիրբիին հարցրել էին, թե արդյոք Գազայի հատվածից իսրայելցի պատանդներին ազատ արձակելու գործարքը և Սաուդյան Արաբիայի հետ Իսրայելի հարաբերությունները կարգավորելու համաձայնությունը ԱՄՆ-ի նույն ջանքերի մաս են կազմում: Քիրբին պատասխանել էր, որ դրանք երկու տարբեր ուղղություններ են, նշելով, որ Վաշինգտոնը Էր Ռիադի հետ «դրական» բանակցություններ է վարել այս հարցի շուրջ թե՛ Իսրայելի վրա հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից, թե՛ Գազայում իսրայելական ռազմական գործողության մեկնարկից առաջ և հետո։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվն, ըստ պաղեստինյան իշխանությունների, հասել է 27 585-ի: