Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, և ՀՀ դպրոցներում պետք է անցնեն Հայաստանի պատմությունը. ԿԳՄՍ նախարար

«Բավականին ակտիվորեն քննարկվում է «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու հարցը, որն, ըստ էության, նոր հարց չէ»,- Ազգային ժոզղովում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով, հարցն արդեն մի քանի անգամ քննարկվել է մասնագիտական շրջանակների կողմից. ակադեմիական որոշ շրջանակներ անդրադարաձել էին անկախությունից հետո, երբ ընդհանրապես առարկայի վերաիմաստավորման խնդիր են դրել, այնուհետև ավելի լայն քննարվել է, երբ հանրակրթության պետական չափորոշիչն էր նոր քննարկվում։

«Այդ բոլոր քննարկումներից հանգել եմ մի եզրակացության, որ առարկայի անվանումը ամենևին էլ մասնագիտական տիրույթի խնդիր չէ, քանի որ «Հայոց պատմություն» առարկան, որն ուսուցանվում է, պետք է ունենար կոնկրետ նպատակ։

Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետության դպրոցներում պետք է անցնեն Հայաստանի պատմությունը։ Եվ սա բոլորովին չի նշանակում և կուզեմ առանձնահատուկ ընդգծել այն անհեթեթ դիտարկումները, թե Հայաստանի պատմություն կոչելով՝ առարկայից դուրս է մնալու այն բովանդակությունը, որը կազմում է մեր պատմության մասը։ Սա ամենևին բովանդակության մասին չէ։ Բովանդակությունը նույնն է՝ անկախ անվանումներից։

Անվանումն այն մեթոդաբանական դիտանկյունն է, որով մենք մոտենում են պատմության ուսուցանմանը։ Երբ ասում ենք պատմության ուսուցանումն ունի կոնկրետ նպատակ, պետք է շեշտադրեմ այդ նպատակը, որը տարբեր երկրներում է իրականացնում. ամեն երկրում պատմության ուսուցանումն առաջին հերթին այդ պետության երկրի քաղաքացիների ձևավորման գործընթաց է և առաջնահերթ է, որպեսզի պատմության ուսուցանումը կազմակերպվի և կառուցվի պետության առանցքի շուրջ՝ անկախ նրանից, այդ ժամանակահատվածներում պետությունը եղել է, թե չի եղել»,- ասաց Անդրեասյանը։

Նա նշեց, որ ժամանակը կարճ է, այլապես կարող էր կոնկրետ օրինակներով ցույց տալ այսօրվա մեր դասագրքերի խնդիրները, «որոնք հենց պետական մտածողության բացակայություն են սերմանում մեր աշակերտների մոտ և այն լուծումները, որոնք կունենանք նոր տարբերակի պարագայում»։