ԵԱՏՄ-ն հստակ սահմանել է մինչև 2045 թ. ռազմավարությունը. ՌԴ ԱԳՆ

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) հստակ սահմանել է մինչև 2045թ. միության անդամ պետությունների համագործակցության ռազմավարությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

«Իմ կարծիքով՝ շատ ավելի կարևոր է ոչ թե այն, թե ինչպես ենք տասնամյակի բարձունքից գնահատում ԵԱՏՄ զարգացումը, այլ այն, թե ինչպես ենք նայում ապագային, հաջորդ տասնամյակին։ Դրա ակնհայտ վկայությունն է, օրինակ, «հնգյակի» ղեկավարների կողմից մինչև 2030 թ. և մինչև 2045թ. շրջանի համար ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին Հռչակագրի՝ «Եվրասիական տնտեսական ուղու» ստորագրումը,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարելի է գնահատել ԵԱՏՄ պայմանագրի ստորագրումից հետո անցած տասնամյակը։

«Այդ ռազմավարական փաստաթուղթը հստակ որոշել է միության անդամ պետությունների ապագա համագործակցությունը կարևորագույն ուղղություններում»,- նշել է դիվանագետը՝ ընդգծելով, որ առաջադրված խնդիրների իրականացումը օգուտ կբերի տնտեսություններին, կնպաստի բնակչության բարեկեցության բարձրացմանը և բիզնես-հանրույթի համար լավագույն պայմանների ստեղծմանը ԵԱՏՄ երկրներում։

Պանկինը հատկապես նշել է մարտահրավերներին դիմակայելու աշխատանքի նշանակալիությունը։ «Մեր միության հաջողությունների թիկունքում ամենօրյա և տքնաջան աշխատանքն է ամենատարբեր ոլորտներում՝ լինեն COVID-19-ի դեմ պայքարի համատեղ ջանքերը, պարենային անվտանգության ապահովումը, թե մեկ այլ խնդիր։ Դա չի կարող հպարտության և երախտագիտության զգացում չառաջացնել «հնգյակի» արդյունավետ համագործակցության առումով»,- նշել է դիվանագետը։

ԵԱՏՄ-ն տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որի կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Դիտորդի կարգավիճակ ունեն Կուբան, Մոլդովան և Ուզբեկստանը։