Երևանից Բաքու մեկնած Չեխիայի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, թե «Ղարաբաղն Ադրբեջան է»

Չեխիան երբեք չի կասկածել, որ Ղարաբաղն Ադրբեջան է։ Այդ մասին լրագրողներին ասել է պաշտոնոկան այցով Բաքվում գտնվող Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան։  Հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Կարծում եմ, իմ խոսքերը սխալ են մեկնաբանվել։ Ես կցանկանայի ասել, որ երբեք չեմ կասկածել, որ Ղարաբաղը Ադրբեջան է», – հայտարարել է նա՝ հավելելով, թե Չեխիան պաշտպանում է բոլոր երկրների ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Նրա խոսքով՝ կան բոլոր հնարավորությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման համար․

«Պետք է նայել ապագային: Մենք վստահ ենք, որ այժմ կա հարաբերություններ սկսելու հնարավորություն։ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա երկխոսություն, որը կարևոր է բոլորիս համար: Սա է գլխավոր շահը։ Խաղաղ Հարավային Կովկասը կարող է բարգավաճ լինել»,- ասել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը։