Վթար՝ Բիշքեկի ՋԷԿ-ում, դիվերսիայի վարկած կա

Փետրվարի 2-ի գիշերը վթար է տեղի ունեցել Բիշքեկի ՋԷԿ-ում։ Տեղեկությունը հաստատել են երկրի էներգետիկայի նախարարությունից, փոխանցում է sputnik.kg-ն։

Ներկայումս Բիշքեկի որոշ հատվածներում սահմանափակված է տաք ջրի և ջեռուցման մատակարարումը։

Վթարի պատճառները հետաքննվում են։

Երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությունը դիտարկում է տեղի ունեցածի երկու վարկած, որոնցից մեկը դիվերսիա է։

Նշվում է, որ վթարի հետևանքով տուժել է 5 մարդ, որոնցից երկուսն ուղարկվել են ամբուլատոր բուժման։ Այրվածքներով ևս 2 մարդ ծանր վիճակում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Մեկ հոգի գտնվում է այրվածքների բաժանմունքում, նրա վիճակը միջին ծանրության է։

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն անձնական հսկողության տակ է վերցրել իրավիճակը Բիշքեկի ՋԷԿ-ում, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Ասկատ Ալագոզովը։