«Կուսության ստուգումը բռնության տեսակ է, մենք էլ պետք է օրենքով ամրագրենք»

«Բոլոր բռնությունների սահմանումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված է  Քրեական օրենսգրքի փոփոխությամբ, միջազգային ստանդարտներին  համապատասխանեցմամբ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական երեք կին պատգամավորների (Զարուհի Բաթոյան,Սոնա Ղազարյան, Ծովինար Վարդանյան) ներկայացրած նախագծերի փաթեթն, որով մասնավորապես առաջարկվում է  «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել։

Բաթոյանը նշեց, օրենքը պետք է պաշտպանի հնարավոր բոլոր դեպքերը։

«Մեզ մտահոգել է սահմանումների վերանայումը, թարմացման կարիք ունեն սահմանումները։  Նոր սահմանումներ ենք տալիս։

Չե՞ք համարում, որ կուսության ստուգումը բռնության տեսակ է։ Այն բռնության տեսակ է, աշխարհում ճանաչում են որպես բռնության տեսակ, մենք էլ պետք է օրենքով ամրագրենք, անկախ նրանից, թե ում մտքով դա կանցնի, ինչպես կորոշեն դա իրականացնել։ Եթե մարդու կամքին հակառակ է, համարվում է  բռնություն»։