Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքը, կալանքը երկարացնելու որոշումը կմնա ուժի մեջ

Ադրբեջանում քննվել է Բաքվի կողմից առևանգված և ապօրինի մեղադրանքներով ձերբակալված Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի բողոքը։

Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը շարունակում է Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է 4 ամսով։

Նշվում է, որ դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացրել Ռուբեն Վարդանյանի պաշտպանը։

Բաքվի վերաքննիչ դատարանում կայացած նիստում ընթերցվել է դատարանի որոշումը։ Որոշման հիման վրա բողոքը չի բավարարվել, Վարդանյանի կալանքը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը մնում է ուժի մեջ։