Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա՝ ձայնի և լռության. այսօր իր տարեդարձն է նշում Տիգրան Մանսուրյանը

Հայ մեծանուն կոմպոզիտոր,  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, ժամանակակից հայ դասական երաժշտության անվանի ներկայացուցիչ Տիգրան Մանսուրյանի տարեդարձն է։

Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին՝  Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ 1947-ին ընտանիքի հետ հայրենադարձել է: 1960-ին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի, 1965-ին՝ կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինները, 1967-ին՝ ասպիրանտուրան:

1967-86 թթ. դասավանդել է նույն կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ 1986թ.-ից), 1992-9 5թթ.՝ ռեկտոր:

Մանսուրյանը գեղագիտական նոր հիմքի վրա վերածնել է կոմիտասյան սկզբունքները: Նա առաջիններից է հայ դասական երաժշտություն ներմուծել կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ: Նրա ստեղծագործությունները սերում են հայկական ժողովրդական երգարվեստից ու հնագույն տաղերից, որոնք ներկայացված են արդի երաժշտական լեզվով և աչքի են ընկնում պայծառ, արտահայտիչ մեղեդիներով ու հնչերանգներով:

Մանսուրյանն ստեղծագործել է տարբեր ժանրերում, գրել է սիմֆոնիկ երկեր՝ «Պարտիտա», «Պրելյուդներ», «Գիշերային երաժշտություն», «Ինտերիեր» լարային կվարտետը, կոնցերտներ՝ թավջութակի և նվագախմբի, ալտի և լարային նվագախմբի, Կրկնակի կոնցերտ՝ ջութակի, թավջութակի, լարային նվագախմբի համար, «Երեք արիա`  երգելու՝ Արարատին բաց պատուհանից» (ալտի և մեծ նվագախմբի համար), «Ո՞ւր է Աբել եղբայր քո» (թավջութակի և մեծ նվագախմբի համար):

Գրել է նաև վոկալ շարքեր՝ «Ռոմանսներ Գարսիա Լորկայի խոսքերով», «4 հայրեն Նահապետ Քուչակից», «Մայրամուտի երգեր» (խոսք՝ Համո Սահյանի), «Երկիր Նաիրի» (խոսք՝ Վահան Տերյանի), «Գարնան երգեր» (խոսք՝ Հովհաննես Թումանյանի), խմբերգեր՝ «Երեք ասացված Կոմիտասի հիշատակին» (խոսք՝ Կոստան Զարյանի), «Արվեստ Քերթության» (խոսք՝ Եղիշե Չարենցի), սոնատներ, վոկալ-կամերային մադրիգալների շարք (ձայնի և տրիոյի համար), «Հավատով խոստովանիմ» (ալտի և անսամբլի համար, աղոթքների շարք՝ ըստ Ներսես Շնորհալու), «Ձյունե թագուհին» (ըստ Հանս Քրիստիան Անդերսենի) բալետը և այլն:

Մանսուրյանը գրել է երաժշտություն նաև կինոյի համար ՝ «Նռան գույնը», 1969թ., «Մենք ենք, մեր սարերը», 1969թ., «Սգավոր ձյունը», 1978թ., «Կտոր մը երկինք», 1980թ., «Հին օրերի երգը», 1982թ., «Կորիոլան», 1982թ., «Մեր մանկության տանգոն», 1984թ., «Ճերմակ անուրջներ», 1984թ. և այլն:

Կոմպոզիտորը բազմաթիվ շքանշանների ու մրցանակների դափնեկիր է․ արժանացել է ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթների առաջին (1966 և 1968թթ.), ՀԼԿԵՄ (1967 թ.), ՀՀ Պետական (1981 և 1985թթ.), ՀՀ մշակույթի նախարարության Արամ Խաչատրյանի անվան (1993թ.) մրցանակների և ՀՀ Մեսրոպ Մաշտոցի (1996թ.), Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպի (2004թ.) շքանշանների: ՀՀ Վահան Թեքեյան մշակութային միության ամենամյա միջազգային մրցանակաբաշխության դափնեկիր է (2006թ.):

Երաժշտության մասին խոսելիս՝ Մանսուրյանը նշել է. «Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա՝ ձայնի և լռության։ Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա։ Իմ կարծիքով, հարուստը լռությունն է։ Երբ ես անցնում եմ սահմանը՝ չգրելուց գրելուն, իմ զգացումն այն է, թե հանցանք եմ գործել, որ կորցրել եմ այդքան ժամանակը։ Երբ չեմ գրում՝ խեղդում է ունայնության զգացումը։ Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ։ Ինքնարտահայտման միջոց էլ չէ։ Ես եմ։ Ես ապրում եմ… Իմ իմացած ճշմարտությունը հաստատելու համար պատրաստ եմ լինել համառորեն։ Ինչպե՞ս կարելի է բաց ճակատով լեռների կատարներին նայել, որ մեջդ երգ հղանա, երբ քո շուրթերին թռիչքի անկարող, ներքին կրակից զուրկ հանգաբանություն է և ոչ բանաստեղծություն։ Առանց մոլեգնության ոչ մի բան չի ծնվում…

Մեր ամեն մի չծնված գործ՝ առ հայրենիքը, առ մեր ժողովուրդը և նրա պատմությունը ունեցած սիրո պակասի արտահայտություն է։ Մարդ արժևորելու ունակությունը մեր պատմությունն է մեզ տվել»։