Կանադան կվերսկսի ԱԹՍ-ների պահեստամասերի մատակարարումները Թուրքիա, որոնք դադարեցվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ

Կանադան կվերսկսի անօդաչու թռչող սարքերի պահեստամասերի և պաշտպանական այլ սարքավորումների արտահանումը Թուրքիա, քանի որ կողմերը համաձայնության են հասել դրանց օգտագործման թափանցիկությունն ապահովելու հարցում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Թուրքիան վերահաստատել է իր հանձնառությունը՝ տրամադրելու տեղեկատվություն անօդաչու թռչող սարքերի վերջնական օգտագործման վերաբերյալ՝ ներառյալ տեսախցիկների համակարգերը, որոնք նախկինում ներմուծվել են։

Կանադան սարքավորումների արտահանումը դադարեցրել էր 2020 թվականին՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից թուրքական արտադրության ԱԹՍ-ների օգտագործումը խախտում է Թուրքիայի կողմից տրված երաշխիքները կանադական սարքավորումների վերջնական օգտագործման վերաբերյալ։

«Reuters»-ի փոխանցմամբ՝ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն պահից, երբ Անկարան կավարտի ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումի վավերացումը։