Ապարատներն անջատեցին, ես գոռում էի՝ երեխուս փրկեք. Արցախում Ադրբեջանի հանցագործությունները (տեսանյութ)

Արցախի Հանրապետության Մարտակերտի բնակիչ Գոհար Հովյանը  վիրավորվել է Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սկսած պատերազմի հենց առաջին օրը, առաջին ժամերին։

«Երբ այդ օրը կրակոցի ձայներ լսվեցին, հասկացա, որ պատերազմ է սկսվել։ Պայթյուն եղավ, ձեռքերս վնասվեցին, ուռել էին, արյուն էր գալիս։ Որ ընկել եմ, հետո ամուսնուս գոռալուց եմ … ՝ «Գոհար, Սերոժիկը»…։ Մեծ տղաս է, մի կերպ ուժ եմ հավաքել, խոհանոցից եկել եմ զալ, տեսել եմ, որ մեծ տղաս էն կողմն է պառկած, փոքր տղաս կանգնած է, բայց բերանից արյուն է գալիս…

Ստեփանակերտի հիվանդանոց գնացինք, մեզ տարան, դիմացս մեծ տղաս էր, փորձում էին սիրտը աշխատեցնել։ Դրանից հետո տեսա, որ այդ ապարատներն անջատեցին ու գոռացի՝ երեխուս փրկեք, էտ ժամանակ ինձ տարան կատեի»,-պատմում է է տղաների մայրը Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի հրապարակած տեսանյութում։

Գոհար Հովյանի ավագ տղան՝ 16-ամյա Սերոժիկ Հովյանը, սպանվել էր ադրբեջանական զինված ուժերի կողմից։

«Ես սկզբում մի քիչ վախենում էի։ Երբ որ արդեն սկսեցինք հավաքվել, մի պահ հանգստացա, մտածեցի 2020 թվականի նման դուրս կգանք։ Բայց չհասցրեցինք, գրադն ընկավ։ Վեր կացա ու տեսա, որ ամբողջ հատակը կոտրված ապակիներ են, առաստաղն է պոկվել»,- պատմում է ականատես երեխան։

Արման Թաթոյանը տեսանյութում պատմում է, որ ադրբեջանական ԶՈւ-ն թիրախավորել էր մեծ համայնքները՝ Ասկերանը, Մարտունին, Մարտակերտն ու Ստեփանակերտը։ Թշնամին որոշել էր այդպես բոլոր համայնքներն իրարից մեկուսացնել ու ստեղծել քաոսային և խուճապային վիճակ։

Տեսանյութը՝ այստեղ։