ԱՆ կողմից դատավորների նկատմամբ վարույթ հարուցելը հակասահմանադրական չէ․ ՍԴ որոշումը

Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել   ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը։ Որոշումը հրապարակվել է հունվարի 17-ին։

Նշենք, որ գործի քննության առիթը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի 2022 թվականի փետրվարի 15-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

2022 թվականի դեկտեմբերի 10-ին Սահմանադրական դատարանի՝ սույն գործով զեկուցող դատավորի լիազորությունները դադարել են, և Սահմանադրական դատարանի 2023 թվականի հունվարի 10-ի ՍԴԱՈ-2 աշխատակարգային որոշմամբ սույն գործով նոր զեկուցող դատավոր է նշանակվել:  Սահմանադրական դատարանի 2024 թվականի հունվարի 9-ի աշխատակարգային որոշմամբ սույն գործի վարույթը վերսկսվել է, և գործի դատաքննությունը նշանակվել է 2024 թվականի հունվարի 16-ին:

Դատական օրենսգրքի՝ «Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինները» վերտառությամբ 145-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է.
«1.Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեն`
1) Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը.
2) Լիազոր մարմինը.
3) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ սույն հոդվածի 1.1-ին կետով նախատեսված դեպքերում»:

Դիմողը գտնում է, որ Դատական օրենսգրքով արդարադատության նախարարի՝ որպես գործադիր իշխանության ներկայացուցչի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը չի համապատասխանում իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքին և հակասում է Սահմանադրության 164-րդ հոդվածի պահանջներին:

Պատասխանողն արձագանքել է՝  նշված իրավակարգավորումներով պայմանավորված՝ Արդարադատության նախարարի՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես գործադիր իշխանություն-դատական իշխանություն բաժանման ու հավասարակշռման սահմանադրական անհամապատասխանություն, քանի որ Արդարադատության նախարարը նախաձեռնում է կարգապահական վարույթ, իսկ վերջնական որոշում կայացնելու լիազորությամբ օժտված է միայն Բարձրագույն դատական խորհուրդը: Այսինքն՝ թեև կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը վերապահված է Արդարադատության նախարարին, այնուամենայնիվ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավասությամբ օժտված է միայն Բարձրագույն դատական խորհուրդը:

Սահմանդրական դատարանը որոշել է՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը: Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նիստը նախագահողը տեղեկացրել է, որ Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ  Խունդկարյանը ներկայացնելու է հատուկ կարծիք: