Ով է Նիկոլի և Աննայի հետ ջերմ հանդիպումներ ունեցած գործարար Վարդան Սրմաքեշը. 2

Սկիզբը` այստեղ

Հոդվածի նախորդած մասից ընթերցողն արդեն իմացավ, որ խոսքն Աննա Հակոբյանի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կնոջ ձևակերպմամբ, «մեր սիրելի հայրենակիցներից Վարդան Սրմաքեշի» մասին է, որի հետ, ինչպես ինքն է գրել իր ֆեյսբուքյան էջում, Ցյուրիխում հասցրել է տեսնվել, և որի հետ խոսելու շատ նյութ ունեին… Թե ինչ նյութի մասին է խոսքը, և երկարատև զրույցի ընթացքում ինչ հարցեր են քննարկվել, մենք նշված զրույցի մասնակիցներից հավանաբար չենք իմանա, բայց թերևս կարող ենք որոշ ենթադրություններ անել…

Այո, խոսքն այն նույն Սրմաքեշի, որին պատկանող «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ- ն, «Վ. Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» հայ- չինական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ- ի տնօրեն Ռուդոլֆ Հակոբյանի տեղեկացմամբ, իր ղեկավարած ընկերության հետ դատական վեճի ընթացքում ՔՊ կուսակցությանն է փոխանցել 6 400 000 դրամ, իսկ «Արցախբանկ» ՓԲԸ- ն, որը նույնպես Վարդան Սրմաքեշի սեփականությունն է, Աննա Հակոբյանի «Ժպիտների քաղաք» հիմնադրամին է փոխանցել 1 մլն դրամ:

Անդրադառնալով «Արարատ» թիմի հետ կապված հետաքրքիր պատմությանը, «Հրապարակ» օրաթերթը դեռ 2020թ. օգոստոսի 26- ին «ԻՆՉՈ՞Ւ Է ՎԱՐԴԱՆ ՍՐՄԱՔԵՇԸ ՀԱՃՈՅԱՆՈՒՄ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ» վերտառության ներքո գրել է.

«Թիմի համասեփականատերը դառնալով՝ Սրմաքեշը զարգացման, մարզային հաջողությունների հույսեր ներշնչեց: Բայց թիմի բյուջեն չմեծացավ, եւ խոստումներն ավարտվեցին սկանդալով: Կոնֆլիկտ հասունացավ Սրմաքեշի եւ ռուսաստանցի միլիոնատերերի միջեւ, որի մասին հանրությանը պատմեցին հենց Սրմաքեշի կողմից հրավիրված «Արարատի» նախկին գլխավոր մենեջեր Վալերի Հովհաննիսյանն ու ռուսաստանցի մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովը: Հովհաննիսյանն իր հարցազրույցներում պատմեց, որ պայմանավորվածություններ էր ձեռք բերել ռուսաստանցիների հետ թիմը 10 տարի ֆինանսավորելու մասին, որոնք Սրմաքեշը չեղարկել է, իսկ Գաբրիելյանովն ամիսներ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ Սրմաքեշը վաճառել է «Արարատին» պատկանող 40 հեկտար հողը՝ Երեւանի էլիտար թաղամասում: Իսկ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլ, որ բազմիցս նշել է, թե «Արարատի» բազան դարձրել են արտադրամաս, կոշտ որակում տվեց. «Սրմաքեշ Վարդանին թվում է, թե ինքը փող ունի, հարուստ է, ամեն վատ բան կարող է անել ու ծածկել հայրենասիրության քողի տակ»: Մեղադրանքներն իր հասցեին Վարդան Սրմաքեշը թերթերից մեկին տված հարցազրույցում որակել է զառանցանք, առանց բացատրություններ տալու:

Չիրականացված խոստումներ էլի կան՝ Մարալիկի կարի, ոսկու ձուլակտորների արտադրամասեր: Վերջինի մասին Սրմաքեշը գարնանը խոսել է վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: 5 ամիս է անցել, եւ ոչ մի ձուլակտոր չի երեւում: Այդպիսի արտադրություն Հայաստանում ոնց որ թե գոյություն չունի:

Ո՞րն է սուտ խոստումների պատճառը: Ի՞նչ ակնկալիք ունի «Արմսվիսբանկի»‰ սեփականատերը Հայաստանի նոր իշխանավորներից: «Կարծում եմ, դա ավելի քան 5 տարի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող թիվ ԵԿԴ0448/02/14 քաղաքացիական գործն է, որտեղ պայքարում են Սրմաքեշի սեփականությունը հանդիսացող «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն եւ իմ «ՎՌ-ընդ ՋԻ պրոֆայլ» ՍՊԸ-ն, որը ես ներկայացնում եմ դատարանում»,- ասում է «ՎՌ-ընդ ՋԻ պրոֆայլ» ընկերության տնօրեն Ռուդոլֆ Հակոբյանը: Նա կարծում է, որ «Արմսվիսբանկի»‰ սեփականատիրոջ պատճառով իրեն ահռելի նյութական վնաս է հասցվել, եւ ուզում է փոխհատուցում ստանալ Սրմաքեշից:

Նա չցանկացավ գործի մանրամասները պատմել, ասելով, թե երկար տարիների ձգձգված ֆինանսական վեճի մասին է խոսքը: «Դատարանը կորոշի՝ ով է ճիշտ»: Մենք էլ չենք խորանում վեճի մանրամասներում: Միայն նշենք, որ խոսքը մոտ 4 մլրդ 619 մլն դրամի փոխհատուցման մասին է: Վեճը 10 տարեկան է եւ արդեն մոտենում է ավարտին: Այնպես որ, կապերը ՀՀ իշխանավորների հետ Սրմաքեշին կարող են պետք գալ: Այդ վեճի մեջ մեզ հետաքրքրեցին Սրմաքեշի ջերմ հարաբերություններն Աննա Հակոբյանի հիմնադրամի հետ եւ այն հանգամանքը, որ վարչապետի կինը 2018 թվականի դեկտեմբերին Շվեյցարիա կատարած հայտնի այցի ժամանակ հատուկ եղավ «Ֆրանկ Մյուլլեր» գործարանում եւ հանդիպեց Վարդան Սրմաքեշին՝ անտեսելով այն հանգամանքը, որ վերջինս ծանր ֆինանսական վեճ ուներ Հայաստանի դատարանում:

Գուցե դատավորների կաշկանդվածությո՞ւնն է հին ու նոր իշխանությունների սիրեցյալի հանդեպ պատճառ եղել, որ դատարանները ձգձգել են վեճի քննությունը, արգելակել են այն, իրար վրա գցել: Մի փաստ միայն, որը վկայում է դատարանների կաշկանդվածության մասին: 2020 թվականի  ապրիլին Սրմաքեշն իր ֆեյսբուքյան էջում ՀՀ վարչապետի հետ իր հանդիպման նկարներն էր տեղադրել, եւ որպես հետևանք ընդամենը օրեր անց՝ մայիսի 10-ի դատական նիստի ժամանակ, որն այս գործով վերջինն է եղել, դատավոր Ավագ Գաբրիելյանը հրաժարվել է գործից, այն ուղարկելով սնանկության դատարան: Սնանկության դատարանը /դատավոր Նարինյան/, հրաժարվել է գործը վարույթ ընդունել և ուղարկել է վճռաբեկ դատարան՝ որոշելու, թե որ դատական ատյանն է քննելու գործը: Վճռաբեկ դատարանն էլ իր հերթին որոշում է կայացրել ուղարկել գործը Երևանի դատարան, նույն դատավոր Ավագ Գաբրիելյանի վարույթ: Այսպես դատավորներն իրար վրա են գցել Սրմաքեշի դեմ որոշում  կայացնելու վտանգավոր առաքելությունը, և Ավագ Գաբրիելյանի գլխացավը վերադարձել է իրեն»:

Նշելով, որ «Ապրիլի 12-ին «168 Ժամ»-ը հրապարակել էր «Վ.Ռ.Ընդ Ջի Պրոֆայլ» հայ-չինական  համատեղ ձեռնարկության տնօրեն տնօրեն Ռուդոլֆ Սուրենի Հակոբյանի՝ բավականին ծավալուն ապացույցներով ծրարը՝ աղաղակող կոռուպցիայի մասին», հիշյալ լրատվամիջոցը 2021թ. մայիսի 31- ին ««Պահաջել եմ, որ քննվեն և բացատրություն տան այս գործում գլխավոր գործող անձինք՝ բանկի գործադիր տնօրենը, ով գումարներ է փոխանցել իշխող կուսակցությանը, և այդ կուսակցության ներկայացուցիչը. Ռուդոլֆ Հակոբյան» վերտառության ներքո գրել է.

«Հաղորդումն ամրագրված էր համապատասխան փաստաթղթերով: Ռուդոլֆ Հակոբյանը նաև գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ նշելով, որ «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ն  6.450.000 (6 միլիոն 450.000) ՀՀ դրամ է փոխանցել «Իմ քայլը» իշխող կուսակցությանը, ևս 1.000.000 (1 միլիոն) ՀՀ դրամ փոխանցել է «ԱրցախԲանկ» ՓԲԸ-ն (փոխանցման ցուցակները կցվում են):

168.am-ի հետ զրույցում «Վ.Ռ.Ընդ Ջի Պրոֆայլ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրեն Ռուդոլֆ Հակոբյանն ասել էր, որ դատախազությունն անհարկի ձգձգում է քրեական գործի հարուցումը:

«Գլխավոր դատախազությունից այսօր ստացել եմ գրություն, ըստ որի՝ իմ բողոքը հասցեագրել են հիմա էլ արդեն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազ Մարտիրոսյանին: Այսինքն՝ իմ բողոքը գլխավոր դատախազությունից գնացել է Երևան քաղաքի դատախազություն, այնտեղից էլ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազություն»,- նշել էր Ռուդոլֆ Հակոբյանը՝ հավելելով, որ վստահ է՝ այս ամենն արվում է ժամանակ ձգելու համար:

Այսօր մեզ հետ զրույցում գործարարն ասաց, որ դիմումը, ի վերջո, հասել է Կենտրոնի քննչական բաժին:

«Քննիչ Արսեն Կոստանյանին հանձնարարվեց քննելու իմ հաղորդումը կոռուպցիայի վերաբերյալ: Բնականաբար, քննիչը մերժեց քրեական գործ հարուցել: Ես ուրիշ բան չէի էլ սպասում, քանի դեռ այս պատուհաս իշխանությունն է»,- ասաց Ռուդոլֆ Հակոբյանը:

Նա քննիչի որոշումից մի քանի հետաքրքիր դրվագներ ներկայացրեց, որոնք, ըստ գործարարի, կարելի է որակավորել՝ որպես անգրագիտություն և տգիտություն:

«Օրինակ, քննիչը որոշման մեջ գրում է. «Ինչպե՞ս կարող էիք բողոք գրել, երբ չկա դատարանի կողմից որևէ ուժի մեջ մտած դատավճիռ»: Վերջինս չգիտի, որ Քաղաքացիական դատարանում ոչ թե դատավճիռ, այլ վճիռ են կայացնում, բայց դա դեռ ոչինչ, խեղճը չգիտի, որ նախաքննական կամ քննական փուլերում ոչ մի վճիռ չի կայացվում»,- տարակուսած էր գործարարը:

Վերջինս նշեց, որ, բնականաբար, ինքն այս ամենի մասին, ինչպես կարգն է պահանջում, բողոքել է վերադաս դատախազին և պահաջել, որ քննվեն և բացատրություն տան այս գործում գլխավոր գործող անձինք՝ բանկի գործադիր տնօրենը, ով գումարներ է փոխանցել իշխող կուսակցությանը, և այդ կուսակցության ներկայացուցիչը, ինչը քննիչը չի արել:

«Որոշման մեջ զավեշտն այն է, որ իբր իմ գրած դիմում-բողոքում բարձրացված հարցերը իմ երևակայության արդյունքն են, չնայած բողոքին կցված են եղել 35 թերթ ապացույցներ»,- եզրափակեց Ռուդոլֆ Հակոբյանը»:

Ռուդոլֆ Հակոբյանի տված վերոնշյալ գնահատականը՝ «անգրագիտություն և տգիտություն», կարող է սխալ լինել, այսինքն՝ քննիչ Արսեն Կոստանյանի հիշյալ որոշումը կամ դրանում առկա առանձին դրվագներ մասնագիտական անգրագիտության և տգիտության դրսևորում կարող են չլինել միայն լկտիության ու կոռուպցիայի արտահայտություն լինելու դեպքում:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան