Պակիստանն Իրանի հետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել

Պակիստանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Իրանի հետ փոխադարձ վստահության հիման վրա բոլոր հարցերում, հղում անելով The News թերթին՝ գրում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ համապատասխան հայտարարությունն արել է Պակիստանի ժամանակավոր կառավարության ԱԳ նախարար Ջալիլ Աբաս Ջիլանին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հեռախոսազրույցում։ Թերթը գրում է, որ այս կերպ Պակիստանի իշխանությունները հասկացրել են, որ մտադիր չեն էլ ավելի սրել իրավիճակը, միաժամանակ կոչ են արել իրանցի գործընկերներին հարգել ինքնիշխանությունը։

ԱՄՆ պետքարտուղարության և Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչներն էլ իրենց հերթին Իրանին և Պակիստանին կոչ արել թուլացնել լարվածությունը:

Պակիստանը հունվարի 18-ին հարվածներ էր հասցրել Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստանի նահանգում՝ պնդելով, թե թիրախավորում է անջատողական զինյալների թաքստոցները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 16-ին Իրանն էր հարվածներ հասցրել Պակիստանի տարածքին՝ նշելով, որ թիրախավորել է «Ջաիշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորման երկու հենակետ։ Պակիստանը հայտնել էր, որ այդ հարվածների հետևանքով 2 երեխա է զոհվել, և Իրանին նախազգուշացրել էր հնարավոր հետևանքների մասին։