Պակիստանը հրթիռակոծել է Իրանի տարածքը. ինչ է հայտնի

Պակիստանը հունվարի 18-ի վաղ առավոտյան՝ ժամը 4։30-ի սահմանում, հրթիռային հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։ Ինչպես գրում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով պակիստանցի պաշտոնյային, հրթիռային հարձակումն ուղղված էր «հակապակիստանյան խմբավորումներին»:

«Ես միայն կարող եմ հաստատել, որ մենք հարվածներ ենք հասցրել հակապակիստանյան գրոհայիններին Իրանում», – պաշտոնյայի խոսքն է մեջբերում գործակալությունը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Mehr գործակալությունը, վկայակոչելով Սարավանի նահանգապետի՝ անվտանգության ու իրավական հարցերով տեղակալ Ալիրեզ Մարհամաթիին, հայտնել էր, որ պայթյունների ձայներ են լսվել Իրանի հարավ-արևելքում՝ Պակիստանի հետ սահմանին գտնվող Սերավան նահանգի մի քանի շրջաններում։

Մարհամաթին նաև հայտնել է, որ Պակիստանի հրթիռային հարվածների հետևանքով Իրանի քաղաքացի չհանդիսացող յոթ մարդ է մահացել։ Ինչպես մանրամասնել է պաշտոնյան, զոհվել է երեք կին և չորս երեխա։

Պակիստանի ԱԳՆ-ն ավելի ուշ մեկնաբանել է Իրանին հարվածներ հասցնելու լուրը՝ նշելով, որ իրենք մի շարք ճշգրիտ հարվածներ են հասցրել Իրանում գտնվող «ահաբեկիչների թաքստոցներին», որոշ «ահաբեկիչներ» ոչնչացվել են։

Ըստ այդ երկրի ԱԳՆ հայտարարության՝ Պակիստանը տարիներ շարունակ անհանգստություն է հայտնել Թեհրանին այն առընչությամբ, որ Իրանի տարածքում «պակիստանյան ծագումով ահաբեկիչներ» են ապաստանում, սակայն Թեհրանը բավարար միջոցներ չի ձեռնարկել նրանց դեմ։

Հիշեցնենք, որ նախօրեին Իրանը հրթիռակոծել էր Պակիստանի հարավ-արևելյան սահմանը՝ «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորման բջիջը ոչնչացնելու նպատակով: Պակիստանը դատապարտել էր այդ քայլը, հետ էր կանչել Թեհրանում իր դեսպանին՝ խոստանալով համապատասխան միջոցներ ձեռնարկել: