Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ցանկանում են հարաբերություններ ունենալ երկկողմ մակարդակով․ Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում անցկացված պանելային քննարկման ժամանակ նշել է, որ Վրաստանը շատ սերտ և գործընկերային հարաբերություններ ունի հարևան Ադրբեջանի և Հայաստանի հետ։

«Ես միջնորդության փորձ եմ ունեցել երկու տարի առաջ։ Մենք ունեցանք հաջող միջնորդություն, երբ Ադրբեջանը ազատ արձակեց 15 բանտարկյալի, իսկ Հայաստանը Ադրբեջանին տվեց ականապատ տարածքների քարտեզներ։ Դա հաջող փորձ էր։ Բայց սա շատ բարդ իրավիճակ է։ Մենք հասկանում ենք, որ այս տարածաշրջանում շատ խաղացողներ կան»,- նշել է Ղարիբաշվիլին:

Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ մակարդակով երկխոսությունը ճիշտ ճանապարհ է գործընթացի արդյունավետության տեսանկյունից:

«Ես գիտեմ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների դիրքորոշումը, որ նրանք ցանկանում են հարաբերություններ ունենալ միմյանց հետ երկկողմ մակարդակով։ Անձամբ ես կարծում եմ, որ սա ճիշտ ճանապարհ է, քանի որ այդքան շատ միջնորդների և շահագրգիռ կողմերի դեպքում գործընթացը երբեմն դառնում է ավելի վիճելի և հակաարդյունավետ: Վրաստանը շատ սերտ և գործընկերային հարաբերություններ ունի հարևան երկրների հետ, նրանք մեր եղբայրներն ու բարեկամներն են։ Ուստի նրանց հաջողություն եմ մաղթում»,- նշել է Ղարիբաշվիլին։