ՄԻՊ-ը պաշտոնական պարզաբանումներ է պահանջել և ՊՆ-ից և գլխավոր դատախազությունից

Հունվարի 9-ին և 13-ին զինծառայողների մահվան դեպքերի հետ կապված ՄԻՊ-ում սկսվել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, մամուլի ասուլիսին նշեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը:

«Մենք արդեն պաշտոնական պարզաբանումներ ենք պահանջել և ՊՆ-ից և գլխավոր դատախազությունից:

Բենիամին Մանուչարյանի դեպքի հետ կապված (ընկել էր ձնահյուսի մեջ և մահացել-խմբ) ևս ՄԻՊ-ը և ՊՆ-ից, և դատախազությունից պարզաբանումներ է պահանջել մի քանի ուղղություններով: Նախ ուզում ենք հասկանալ՝ ծառայողական քննությամբ ինչ է պարզվել, քրեական վարույթի շրջանակներում ինչ տեղեկություններ են հայտնի, արդյո՞ք զինծառայողը տեղաշարժվել է միայնակ, թե այլ զինծառայողների հետ, ինչ բնույթի որոնողական աշխատանքներ են իրականացվել:

Շատ կարևոր է ունենալ մահվան և ինքնավնասման դեպքերը կանխարգելելու միասնական հայեցակարգ, ծրագիր, քայլերի հերթականություն, ինչը չկա:

Հաջորդ կարևոր բաղադրիչը արդյունավետ քննությունն է և հանրային իրազեկվածությունը:  Պետք է հարազատները մաքսիմալ տեղեկացված լինեն՝ ինչ վարույթ է ընթանում»,-ասաց նա:

Անդրադառնալով չհայտարարված մահվան դեպքերին, նա ասաց. «Երբ իրավասու մարմինը ուշ է հայտարարում, կամ չի հայտարարում կոնկրետ մահվան դեպքի մասին, նշված տեղեկություններն ի հայտ են գալիս այլ աղբյուրներից: Որոշ դեպքերում ինֆորմացիան լինում է ճիշտ, որոշ դեպքերում՝ սխալ: Դրա համար պետք է ՊՆ-ը շտապ հանդես գա հաղորդագրությամբ»: