1991 թ. հունվարի 17-ին սկսվեց «Փոթորիկ անապատում» ռազմական գործողությունը

«Փոթորիկ անապատում» հակաիրաքական կոալիցիայի 34 պետությունների զինված ուժերի ռազմավարական գործողություն Պարսից ծոցի գոտում Իրաքի բանակի դեմ, որն իրականացվել է 1991 թվականի հունվարի 1-ից մարտի 6-ը՝ այն ջախջախելու և Քուվեյթի անկախությունը վերականգնելու նպատակով։

Պատերազմի պատճառը 1990 թվականի օգոստոսի 2-ին Իրաքի կողմից Քուվեյթի տարածքի գրավումն ու բռնակցումն էր, օգոստոսի 8-ին գումարվեց Քուվեյթի ժամանակավոր կառավարությունը, իսկ օգոստոսի 28-ին Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը հայտարարեց երկրի մուտքը Իրաքի կազմ: ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը 1990 թվականի օգոստոսի 6-ին Իրաքի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանեց, իսկ նոյեմբերի 29-ին թույլատրեց ռազմական ուժի կիրառումը Քուվեյթի ազատագրման համար, որտեղ գտնվում էր իրաքյան զինված ուժերի խոշոր խմբավորումը:

1991 թվականի հունվարի 17-ի գիշերը սկսվեց ԱՄՆ-ի գլխավորած բազմազգ կոալիցիայի ուժերի կողմից Իրաքի ռմբակոծումը։ Այդ ընթացքում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի ավիացիան զանգվածային ռմբակոծության է ենթարկել Իրաքում և Քուվեյթում գտնվող օբյեկտները։ Սա էլ հենց «Փոթորիկ անապատում» գործողության սկիզբն էր։ Հարվածները հիմնականում հասցվել են ռազմական օբյեկտներին, կառավարական համալիրներին, անվտանգության ծառայություններին պատկանող շենքերին։ Գնդակոծվել է Իրաքի մայրաքաղաքից Հորդանան տանող ճանապարհը։ Ամերիկացիները և նրանց դաշնակիցները փորձել են թույլ չտալ Իրաքի առաջնորդների փախուստը, ինչպես նաև իրաքյան համալիրների տեղափոխումը Իսրայելի ուղղությամբ, որի տարածքում Բաղդադը 18 հրթիռային հարված է հասցրել՝ ի պատասխան կոալիցիայի: Գնդակոծվել է Իրաքը և Սաուդյան Արաբիայի տարածքը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Փետրվարի 26-ին բաղդադյան ռադիոն հաղորդեց, որ իրաքյան զինված ուժերին հրաման է տրված կազմակերպված կերպով նահանջել այն դիրքերը, որոնք զբաղեցնում էին մինչև 1990 թվականի օգոստոսի 1-ը։ Սադամ Հուսեյնը խորհրդային առաջնորդ Միխայիլ Գորբաչովին ուղղված նամակում խնդրում էր, որ վերջինս անհապաղ ջանքեր գործադրի ՄԱԿ-ի կողմից կրակի դադարեցման մասին բանաձևի ընդունման համար։ Այս նամակում և պաշտոնական հայտարարություններում Իրաքը պատրաստակամություն էր հայտնում կատարել 660 բանաձևի պահանջները, սակայն մնացած բանաձևերի մասին խոսք չկար։ Վաշինգտոնը Իրաքի զորքերը Քուվեյթի տարածքից հանելու պատրաստակամության մեջ միայն քաղաքական խաղ գտավ, փորձ՝ փրկելու զորքը լիակատար ջախջախումից։ Այդ իսկ պատճառով դաշնակիցների ուժերը շարունակեցին «Փոթորիկ անապատում» գործողությունը ըստ հաստատված ծրագրի։

«Այսօր հատուկ պայմանները ստիպեցին իրաքյան բանակին նահանջել։ Մեզ ստիպեցին գնալ այս քայլին 30 պետությունների կողմից իրականացվող ագրեսիան, նրանց կողմից իրականացվող շրջափակումը։ Բայց մեր սրտերում է մնացել հույսն ու վճռականությունը… Ի՜նչ քաղցր է հաղթանակը»,- փետրվարի 26-ին հայտարարել է Սադամ Հուսեյնը:

Փետրվարի 27-ին Էլ-Քուվեյթում ազգային հիմնի ներքո բարձրացվեց պետական դրոշը, սակայն նահանջող իրաքյան զորքերի և նրանց հետապնդող դաշնակիցների ուժերի միջև կռիվները շարունակվում էին։ Նույն օրը լրատվամիջոցների հետ հանդիպմանը ելույթ ունենալով՝ բազմազգ ուժերի զորքերի հրամանատար գեներալ Ն. Շֆարցկոպֆը հայտարարեց 4 հազարից ավելի քան 3 հազար իրաքյան տանկերի ոչնչացման մասին։ Դաշնակիցների կորուստն ընդամենը 4 տանկ էր։

Այսպիսով, ռազմական գործողությունները Պարսից ծոցի շրջանում ավարտվեցին։ Մարտի 2-ին ՄԱԿ Անվտանգության Խորհուրդն ընդունեց 686 բանաձևը, որում առաջ էին քաշվում պայմաններ Պարսից ծոցի շրջանում խաղաղության հաստատման համար։ Ըստ այդմ՝ Իրաքն անվերապահորեն պետք է ընդուներ նախկինում ընդունված 12 բանաձևերը․ հրաժարվում էր ամեն տեսակի գործողություններից ուղղված Քուվեյթին անեկսիայի ենթարկելու, ընդունում էր իր պատասխանատվությունը Քուվեյթին վնաս հասցնելու համար, երրորդ երկրներին, որոնք տուժել էին այս ագրեսիայի ընթացքում, քուվեյթյան և այլ ազգի ներկայացուցիչների անհապաղ ազատ արձակում, Քուվեյթից բռնագրավված գույքի վերադարձ, ռազմագերիների ազատ արձակում, Քուվեյթում իրաքյան կենսաբանական և քիմիական զենքի մասին տեղեկությունների տրամադրում, որտեղ գտնվում էին դաշնակիցների ուժերը։ Զինադադարի մասին բանակցությունները երկու կողմերի կայացան մարտի 3-ին՝ Սափան բնակավայրում։ Նրանում մասնակցում էին բազմազգ ուժերի զորքերի հրամանատար գեներալ Ն. Շֆարցկոպֆը և համարաբական ուժերի հրամանատար, թագաժառանգ Խալիդ իբն Սուլթանը։ Իրաքյան կողմը ներկայացնում էր գեներալ Սուլթան Խաշեմ Ահմեդը։ Իրաքն առանց որևէ նախապայմանի ընդունեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևը։ Այսպիսով պատերազմն ավարտվեց։ «Փոթորիկը անապատում» մարեց։

Կորուստներ

Տարբեր գնահատականներով՝ գործողության զոհ է դարձել Իրաքի 30-150 հազար քաղաքացի։ Գործողության ընթացքում լրջորեն տուժել է երկրի ենթակառուցվածքը, ավերվել են մեծ թվով արդյունաբերական և նավթարդյունահանող ձեռնարկություններ։

Բազմազգ ուժերի ղեկավարության հայտարարություններով՝ նրանց կորուստները կազմել են շուրջ 340 մարդ, որոնցից 293-ը՝ ամերիկացի զինծառայողներ (այդ թվում՝ 145 մարդ՝ ոչ մարտական կորուստներ): Պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է 61 մլրդ դոլար։ Կոալիցիայի երկրների ավիացիայի կորուստները կազմել են 52 ինքնաթիռ և 23 ուղղաթիռ։

Նյութը թարգմանեց և պատրաստեց LIVEnews.amը։