«ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքի գործարքը կարող է չկայանալ
«ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքի գործարքը կարող է չկայանալ։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ հունվարի 17-ին կայանալիք նիստի օրակարգում է «ՄՏՍ Հայաստան»-ը վաճառելու գործարքը մերժելու հարցը։
Որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ ընկերության վաճառքի հետ կապված առարկություն է ներկայացրել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
2023թ. նոյեմբերի 3-ին «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն դիմել էր հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է «Արամայո Ինվեսթմենթս Լիմիթեդ» ընկերությունից ձեռք բերել բաժնետոմսերի 100 տոկոսը:
Նոյեմբերի 15-ին ՀԾԿՀ-ն հավանություն էր տվել ընկերության վաճառքին։ Այդ ժամանակ ՀԾԿՀ-ի որոշման մեջ նշվում էր, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն առարկություններ չեն ներկայացրել։
«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն բաժնետոմսերի 100 տոկոսը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանն օտարելու հարցով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էր դիմել նաև 2023 թվականի ապրիլին։ Այն ժամանակ ՀԾԿՀ-ն մերժել էր գործարքը՝ նշելով, որ դրան դեմ արտահայտվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։