Նիկոլայ Ծատուրյան, Վլադիլեն Բալյան. որևէ մեկս ճանաչո՞ւմ է․ ԱՆ փոխնախարար

«Ժողովրդական» և «վաստակավոր» կոչումները կառավարությունն առաջարկում է չեղարկել

Շատ հաճախ ժողովրդականությունը կամ վաստակավոր լինելը որևէ կերպ կապ չի ունենում այն անձի հետ, որին մենք ժողովրդականի կոչում ենք տվել, այդպիսի անձինք էլ կան։ Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ասաց Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը։

Այս օրինագծով չեղարկվում է անհատական մակարդակում շնորհվող պատվավոր կոչումներ շնորհելու համակարգը։ Փոխնախարարի խոսքով, Հայաստանում այսօր 17 պատվավոր կոչում կա. «Պատվավոր կոչումների շնորհումը բացասական ազդեցություն է ունենում առանձին ոլորտներում առողջ մրցակցության, արժանիքային առաջընթացի, բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Կառավարության քաղաքականությունը ներկայումս միտված է առանձին մասնագետների խրախուսման չափելի և կոնկրետ արդյունքների վրա հենված գործիքակազմով, օրինակ, վարկանիշային համակարգեր ստեղծելով, ոլորտային մրցանակաբաշխություններ իրականացնելով: Առաջավոր երկրների փորձը ցույց է տալիս, որ այնտեղ պատվավոր կոչումների ինստիտուտ առհասարակ չկա»,-ասաց նա:

Փոխնախարարն այնուհետև ընթերցեց մի քանի ազգանուններ․

«Ծատուրյան Նիկոլայ, Չթչյան Գեղունի, Բալյան Վլադիլեն, Բաբայան Դավիթ, Միրզոյան Փարավոն, Սողոյան Ֆրիդրիխ, ամենայն հարգանքով այս արժանավորագույն մարդկանց նկատմամբ, որևէ մեկս միթե ճանաչո՞ւմ է այս անձանց որպես ժողովրդական արտիստ։ Եթե հիմա հարցում անենք, ժողովրդի մեծամասնությունը չի ճանաչելու։ Այո, լավ չէ, բայց որևէ մասնագետի խրախուսելու համար պարտադիր չէ պետության կողմից նրան շնորհել ժողովրդական արտիստի կոչում»,- ասաց փոխնախարարը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն Ազգային ժողովին առաջարկում է չեղարկել պատվավոր կոչումների համակարգը։ Դրանով առաջարկվում է չեղարկել «ժողովրդական» և «վաստակավոր» 17 պատվավոր կոչումները և ներդնել խրախուսման այլ՝ առավել ժամանակակից ինստիտուտ։ Ըստ կառավարության` կոչումների համակարգը ներմուծվել է խորհրդային ժամանակներում՝ տարբեր անհատների արժանի կամ արժանի տիտղոսավորելու համար, սակայն նաև բազմաթիվ դեպքեր են եղել, երբ անհատը կոչումը ստանալուց հետո դադարել է որևէ կերպ առաջընթաց գրանցել իր մասնագիտական ոլորտում։