Բժշկին մարմնական վնասվածքներ պատճառած 23 և 24-ամյա եղբայրները ձերբակալվել են. Ոստիկանություն

Շտապօգնության բժշկին ծեծի ենթարկած եղբայրները ձերբակալվել են: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Հունվարի 13-ին, ժամը 9։40-ին, ՆԳՆ ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 16 թաղամասի շենքերից մեկի բնակարանում վիճաբանության ձայներ են, հարձակվել են շտապօգնության բժշկի վրա։
10։35-ին հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից։ Ոստիկանությանը հայտնել են, որ իրենց մոտ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել շտապօգնության ենթակայանի բժիշկներից մեկը։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների անհետաձգելի միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բնակարան, որտեղ տվյալ հասցեի բնակիչները դեղորայքի ներարկման հետ կապված վիճաբանել են բժշկի հետ, ինչի ընթացքում հարվածներ են հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
23 և 24-ամյա եղբայրները մարմնական վնասվածքներ պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել են ու ներկայացվել նախաքննական մարմնին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը  հայտնել էր շտապօգնության բժշկի ծեծի ենթարկվելու մասին և խստորեն դատապարտել էր միջադեպը:

Ըստ քաղաքապետարանի խոսնակի տարածած տեղեկության՝ բժշկի հասցեին հնչել են հայհոյանքներ, որից հետո վերջինիս 3 անձինք ծեծի են ենթարկել։  Ավելի ուշ բուժօգնության դիմած բժշկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանի քերծվածքներ: