«ԵԽ հանձնակատարի դիտարկումներն անաչառ չեն». Բաքուն դժգոհ է Դունյա Միյատովիչի զեկույցից

Ադրբեջանի ԱԳՆ-ը անդրադարձել է Եվրոպայի խորհրդի հանձնակատար Դունյա Միյատովիչի զեկույցին՝ նշելով, թե դիտարկումները, իբր, անաչառ չեն․

«Ցավալի է, որ զեկույցը վկայակոչում է Լաչինի ճանապարհի, այսպես կոչված, շրջափակումը, որը հեռու է իրականությունից և չի ճանաչվել միջազգային դատարանի (ICJ) կողմից»,- ասվում է հաղորդագրությունում: Գրում է ԱՊԱ-ն։

Ըստ Բաքվի՝ Միյատովիչի զեկույցը, իբր, նվազագույնի է հասցնում 2023 թվականի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ Ադրբեջանի գործողությունները, որը Բաքուն անվանում է «հակաահաբեկչական գործողություն»։

Ադրբեջանից նշում են, թե Եվրոպայի խորհրդի հանձնակատարից ակնկալել են, որ նա կիրականացնի դիտարկումներ՝ հիմնված անաչառության, հավասարության և մարդու բոլոր իրավունքների համընդհանրության վրա: Դիտարկելով այցի արդյունքները՝ Ադրբեջանի ԱԳՆ-ը նշում է, թե հանձնակատարի դիտարկումներում «չկա լիակատար արդարություն և անկողմնակալություն»։