ՌԴ արդարադատության նախարարությունը գրող Բորիս Ակունինին օտարերկրյա գործակալ է ճանաչել

ՌԴ արդարադատության նախարարությունը օտարերկրյա գործակալ է ճանաչել հայտնի գրող Բորիս Ակունինին (Գրիգորի Չխարթիշվիլի), տեղեկացրել է kommersant.ru-ն:

Նախարարության տեղեկացմամբ՝ Չխարթիշվիլին դեմ է հանդես եկել պատերազմին Ուկրաինայում, «տարածել է ոչ հավաստի տեղեկություններ՝ ուղղված ՌԴ, ինչպես նաև ՌԴ Զինված ուժերի բացասական կերպարի ձևավորմանը։ Մասնակցել է Ուկրաինայի Զինված ուժերի օգտին իրականացվող դրամահավաքի միջոցառումներին»։

Օտարերկրյա գործակալներ են ճանաչվել նաև լրագրող Ալեքսանդր Մինկինը, Moscow Calling Թելեգրամ-ալիքի հեղինակ Անդրեյ Կուրշինը, Յոշկար Օլայի քաղաքային ժողովի նախկին պատգամավոր Անտոն Սոկոլովը, ինչպես նաև «Խոլոդ» ինտերնետ-պարբերականը՝ նույն մեղադրանքներով։

2023 թ. Ակունինի դեմ հարուցվել է քրեական գործ ՌԴ ԶՈՒ վարկաբեկման գործով, ինչից հետո «Ռոսֆինմոնիտորինգը» գրողին ավելացրել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում։