34 տարի առաջ այս օրը Բաքվում սկսվեցին հայ բնակչության ջարդերը

1990 թվականի հունվարի 13-19-ը Բաքվում ադրբեջանցի բարբարոսները իրականացրել է ջարդեր հայ բնակչության նկատմամբ, Բաքուն հայաթափվել է՝ շուրջ 250 հազար հայ տեղահանվել է, անհայտ կորել են հազարավոր հայեր։ Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով մեղադրել են այսպես կոչված «խուլիգանական տարրերին», իբր տեղի ունեցած ողբերգական դեպքերը նրանց անկարգությունների և սանձարձակությունների հետևանք են։

Ազգայնականների կողմից հրահրված ադրբեջանցի արմատականները ներխուժեցին տներ, ծեծեցին, բռնաբարեցին և սպանեցին մարդկանց, որոնք չէին կարող դիմադրել նրանց: Խռովարարների թիրախ դարձան ռուս և այլ ժողովուրդների ներկայացուցիչները ևս: Բաքվի ողբերգության հետևանքը եղավ Ադրբեջանից հայ բնակչության զանգվածային արտաքսումը:

Բաքվում տեղի ունեցած ջարդերը դարձան սումգայիթյան կոտորածի շարունակությունը

Հայ բնակչության առաջին խոշոր ջարդերը տեղի են ունեցել 1988-ի փետրվարին, Սումգայիթում: Gazeta.ruին տված հարցազրույցում իրավապաշտպան Սվետլանա Գանուշկինան նշել է, որ շատ հայեր հեռացել են Ադրբեջանից, քանի որ սպասվում էին ագրեսիայի նոր բռնկումներ:

Բրիտանացի հետախույզ Թոմաս դե Վաալը «Սև այգի» գրքում նշել է, որ Բաքվում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների սկզբնակետը պետք է համարել 1990-ի հունվարի 12-ը: Այդ օրը Ադրբեջանի ժողովրդական ճակատի (NFA) արմատական թևի ներկայացուցիչներ Նեյմաթ Փանահովը և Ռահիմ Գազիևը ելույթ են ունեցել Բաքվի հեռուստատեսությամբ՝ հայտարարելով, թե Բաքուն լցված էր անօթևան ադրբեջանցի փախստականներով, մինչդեռ հազարավոր հայեր ապրում են հարմարավետության մեջ՝ դրանով իսկ մարդկանց բորբոքելով և բռնությունների ալիք հրահրելով հայերի դեմ: Ըստ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտի քրեական իրավունքի և քրեագիտության ոլորտի գլխավոր հետազոտող Վիկտոր Լունեևի, ջարդերն սկսվել են Համաժողովրդական ճակատի հանրահավաքում՝ հայ Օվանեսովի կողմից ադրբեջանցի Մամեդովի սպանության մասին հայտարարությունից հետո, որը փորձում էր նրան վտարել իր բնակարանից:

Հունվարի 13-ի ջարդերը զանգվածային բնույթ կրեցին: «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՛ Բաքուն առանց հայերի» կարգախոսներով հսկայական բազմություն էր հավաքվել Լենինի հրապարակում Համաժողովրդական ճակատի հավաքին: Երեկոյան մի խումբ արմատականներ անջատվեցին  ցուցարարներից: Նրանք բաժանվեցին խմբերի և սկսեցին գրոհները: Բացի հայերից՝ ապստամբները խոստանում էին քաղաքը մաքրել նաև «ռուս զավթիչներից»: Ինչպես այդ օրերին գրել էր «Իզվեստիան», ագրեսիային մասնակցել է մոտ 50 000 ադրբեջանցի:

Ատելությունը բորբոքվեց ոչ միայն հայերի, այլև Բաքվում ապրող «այլադավների»՝ ռուսների, հրեաների, հույների, վրացիների և խորհրդային բանակի զինվորների դեմ:

Ինչու էր ոստիկանությունն անգործության մատնված

Զոհերի քանակով, տևողությամբ և չափերով Բաքվի հայկական ջարդերը գերազանցեցին Սումգայիթի հայերի կոտորածը: Սպանվածների ճշգրիտ թիվը մինչ այժմ հայտնի չէ. տարբեր տվյալներով սպանվել է 150- 300 մարդ: Ջարդերը շարունակվել են մի ամբողջ շաբաթ՝ Ադրբեջանի իշխանությունների, ներքին զորքերի և Խորհրդային բանակի Բաքվի բազմաքանակ կայազորի լիակատար անգործության պայմաններում:

Կարգուկանոնը «վերականգնելու» պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Մ. Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին։ Հրամանագիրը կատարել է ԽՍՀՄ զինված ուժերի օդադեսանտային դիվիզիայի հրամանատար Ա.Ն. Լեբեդը։ Զինված դիմադրական ժամանակ սպանվել են մեկ տասնյակից ավելի գրոհայիններ. շատերը ձերբակալվել են։

1990 թվականի մարտի 29-ին կայացել է ԽՍՀՄ գլխավոր խորհրդի փակ նիստ՝ Բաքվում կատարված դեպքերի առնչությամբ։ Ադրբեջանի պատվիրակությունը պահանջել է ստեղծել հանձնաժողով՝ զորքը Բաքու մտցնելու և Բաքվի գործողությունները հետաքննելու համար։ Ի պատասխան հարցապնդման՝ ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարությունը ներկայացրել է ջարդերի այնպիսի մանրամասներ, որոնք մամուլում չեն լուսաբանվել։ Փոխադարձ համաձայնությամբ՝ հանձնաժողով չի ստեղծվել, իսկ հայերի ջարդերը մատնվել են մոռացության։

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, որի ընտանիքը ջարդերի պատճառով ստիպված է եղել լքել Բաքուն, կասկած չունի, որ բնակարանների վրա գրոհները հստակ պլանավորված էին:

«Եթե, ասենք, փոքր բնակավայրում բոլորը տեղյակ են, որ այստեղ հրեական ընտանիք է, այնտեղ հայ, մեկ այլ տեղ ադրբեջանցի ընտանիք․ հարձակվում են, հարվածում են, այրում և հեռանում։ Իսկ Բաքվի նման մեգապոլիսում ամբոխը պարզապես չէր կարող իրականացնել նման թիրախային գործողություններ: Դե պատկերացրեք. 16 հարկանի շենքում  ինչպես իմանաք, թե որտեղ են ապրում հայերը, որտեղ՝ ադրբեջանցիները, և որտեղ՝ հրեաները: Երբ խռովարարները նպատակաուղղված գնում են թաղամասից թաղամաս և բնակարանից բնակարան, դա նշանակում է, որ նրանց բնակչության վերաբերյալ ԲՇՏ-ից ցուցակներ են տրվել»,- եզրափակել է Կասպարովը:

Իրավապահ մարմինների անգործության մասին նշել է նույնիսկ Ազգային անկախություն կուսակցության ղեկավարներից մեկը՝ Էթիբար Մամեդովը: 1990-ին «Նոր կյանք» թերթի հինգերորդ համարում հրապարակվել է նրա մեկնաբանությունը.

«Ես անձամբ ականատես եղա, թե ինչպես են երկաթուղային կայարանի հարևանությամբ սպանել երկու հայի․ հավաքված ամբոխը բենզին լցրեց նրանց վրա և այրեց։ Իսկ դրանից երկու հարյուր մետր հեռավորության վրա էր գտնվում Նասիմինի շրջանի ոստիկանության բաժինը, որտեղ կային ներքին զորքերի մոտ 400-500 ծառայողներ։ Բաժնի աշխատակիցները մեքենայով անցան այրվող դիակներից 20 մետր հեռավորությամբ, և չփորձեցին անգամ միջամտել և ցրել ամբոխը»:

Միջազգային արձագանքները

Բոլոր քաղաքակիրթ երկրներում զանգվածային լրատվամիջոցները գրել են Բաքվի ջարդերի մասին՝ վդովմունք արտահայտելով։ ԱՄՆ-ի և եվրոպական հեռուստատեսությունների նորությունների ամփոփագրում հաղորդվել են բազմաթիվ ռեպորտաժներ Բաքվի հայերի հանդեպ կատարվող հակամարդկային բռնարարքների մասին։ 1990-ի հունվարի 17-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով Արտաքին գործերի նախարարների կոմիտեին և Եվրախորհրդին կոչ է արել՝ պաշտպանել հայերին խորհրդային կառավարության հակաօրինական գործողություններից և պահանջել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին անհապաղ օգնություն ցուցաբերել։ Հունվարի 18-ին ԱՄՆ-ի մի խումբ սենատորներ համատեղ նամակ են հղել Միխայիլ Գորբաչովին, որում անհանգստություն են արտահայտել Բաքվում հայերի ջարդերի կապակցությամբ և կոչ արել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնել։

Բաքվի հայկական ջարդերի և Շահումյանի շրջանի հայկական գյուղերի ու Գետաշենի վրա հարձակումների կապակցությամբ Եվրախորհրդարանը հունվարի 18-ին ընդունել է «Հայաստանում իրավիճակի մասին» բանաձևը, որը կոչ էր անում ԽՍՀՄ իշխանություններին ապահովել Ադրբեջանում ապրող հայերի գործուն պաշտպանությունը՝ իրավիճակին միջամտելու համար զորք մտցնելու միջոցով:

1990 թ. հուլիսի 27-ին «New York Times»-ում բաց նամակ հրապարակվեց՝ ուղղված միջազգային հանրությանը, որը ստորագրվել էր Եվրոպայի, Կանադայի և ԱՄՆ-ի 133 նշանավոր գիտնականների և իրավապաշտպանների կողմից, որոնք բողոքի ձայն էին բարձրացնում Բաքվում հայերի սպանությունների ու ջարդերի դեմ: Նամակում, մասնավորապես, նշվում էր, որ «հայկական փոքրամասնության դեմ իրականացված ոճրագործությունները Խորհրդային Ադրբեջանում դարձել են հետևողական պրակտիկա, եթե ոչ՝ պաշտոնական քաղաքականություն»: