Թուրքիայի հետ համաձայնեցվում է Արաքսի վրա պատնեշ կառուցելու նախագիծը

Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման նախագիծը, անհրաժեշտության դեպքում, համաձայնեցվում է Թուրքիայի հետ, Sputnik Արմենիայի https://armeniasputnik.am/20240113/araqs-geti-vra-patneshi-karucman-nakhagitsy-hamadzajnecvum-e-turqiaji-het-71111465.html  հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արաքսավան և Բուրաստան համայնքների շրջանում Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման արժեքը կկազմի մոտ 1 մլն դոլար:

Նախարարության մամուլի ծառայությունից նշեցին, որ ՀՀ ՏԿԵ նախարարության ջրային կոմիտեի կողմից կնքված պայմանագրի համաձայն՝ շինարարական աշխատանքներն իրականացվելու են «ԱՍ ՇԻՆ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ի կողմից։

«Ներկայումս ընթանում են նախագծային փաստաթղթերը ՌԴ սահմանապահ զորքերի ղեկավարության, անհրաժեշտության դեպքում նաև թուրքական կողմի հետ համաձայնեցնելու ու դրանց ընթացակարգերի վերաբերյալ քննարկումներ անելու փուլերը, որոնց ավարտից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները», – նշված է պատասխանում։