Եթե Ղարաբաղում էթնիկ զտման վերաբերյալ ինչ-որ փաստաթուղթ կամ հայտարարություն կա՝ ներկայացրեք. Զախարովա
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե հայկական կողմը հայտարարում է Լեռնային Ղարաբաղում նախորդ տարվա սեպտեմբերին կատարված էթնիկ զտումների մասին, պատասխանել է.
«Ռուս խաղաղապահների ակտիվ միջնորդությամբ 2023-ի սեպտեմբերի 20-ին ձեռք է բերվել համաձայնություն ռազմական գործողությունների դադարեցման մասին, և բանակցություններ են անցկացվել Ղարաբաղի հայկական բնակչության ներկայացուցիչների և Ադրբեջանի ղեկավարության միջև: Ռուս խաղաղապահները ապաստարան են տվել խաղաղ բնակիչներին, հումանիտար և բժշկական օգնություն են տրամադրել: Եվ ոչ ոք իրավունք չունի նրանց վիրավորել: Իսկ ովքեր նրանց կվիրավորեն՝ մենք կպատասխանենք:
Ինչ վերաբերում է Ղարաբաղում էթնիկ զտումներին, եթե էթնիկ զտման վերաբերյալ ինչ-որ միջազգային կազմակերպության որևէ փաստաթուղթ կամ հայտարարություն կա, որը Երևանում կարծում են հեղինակավոր, ինչը կփաստի, որ նման էթնիկ զտումներ եղել են, բարի եղեք մեզ տրամադրել այդ փաստաթղթերի հղումները: Եթե կա միջազգային հեղինակավոր կազմակերպության, օրինակ, ՄԱԿ-ի, ինչ-որ փաստաթուղթ կամ հայտարարություն, որ էթնիկ զտումներ են եղել, բարի եղեք՝ ներկայացրեք այդ փաստաթուղթը։ Մենք բազմիցս նշել ենք հայ բնակչության՝ Ղարաբաղ վերադարձի կարևորությունը՝ հիմնված Բաքվի հայտարարությունների վրա:
Մենք տեսնում ենք այդ հայտարարությունները (հայկական կողմի.- խմբ), դրանք ապակառուցողական ենք համարում, և, ամենակարևորը, դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Մենք վստահելի երկխոսություն ենք հաստատել Հայաստանի ԱԳՆ մեր գործընկերների հետ։ Քանիցս մեր դիրքորոշումը ներկայացրել ենք այդ հայտարարությունների (էթնիկ զտման մասին,- խմբ) վերաբերյալ։
Հավանաբար այդպիսի հայտարարությունները Հայաստանում կամ արտերկրում ինչ-որ մեկին ձեռնտու են․ այլ կերպ չեմ կարող բացատրել։ Սրանք փորձեր են՝ փաստերը խեղաթյուրելու ու սեփական պատասխանատվությունից խուսափելու», – հավելել է Զախարովան։