Իրանում շահագործման կհանձնվի Մերձավոր Արևելքում առաջին երկրաջերմային էլեկտրակայանը

Մերձավոր Արևելքում հինգ մեգավատ հզորությամբ առաջին երկրաջերմային էլեկտրակայանը առաջիկայում շահագործման կհանձնվի Իրանի Արդեբիլ նահանգի Մեշգինշահր քաղաքում, հայտնել է Ջերմային էլեկտրակայանների հոլդինգի (TPPH) նախագծերի հանձնակատար Բեհնամ Հաֆինեժադը, փոխանցում է Tasnim:

Նրա խոսքով՝ այս էլեկտրակայանը կառուցվում է որպես փորձնական ծրագիր՝ տեղադրված երկրաջերմային էներգիայի ջրամբարի վրա, որի հզորությունը կազմում է մոտ 250 մեգավատ էլեկտրաէներգիա:

Նա ասել է, որ երկրաջերմային էլեկտրակայանի շինարարությունը շարունակվում է, և ֆիզիկական առաջընթացը կազմում է 93 տոկոս և հավելել է, որ հորատվել են մոտ 3000 մետր խորությամբ մի քանի հորատանցքեր, որոնց արտադրական հզորությունը կազմում է 30 մեգավատ էլեկտրաէներգիա:

Ըստ Հաֆինեժադի՝ այս նախագծի իրականացումը երկրին հնարավորություն է տվել ձեռք բերել տեխնիկական գիտելիքներ երկրաջերմային ռեսուրսների հետազոտման, նախագծման, ներդրման և շահագործման ոլորտում: