Մենք կբացառենք Հայաստանում ԵԱՏՄ ոչ անդամ երկրների համարանիշներով մեքենաների երկարատև վարումը․ Վահան Քերոբյան

Ժամանակավոր ներկրված մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպման աջակցման ծրագրի ավարտից հետո կներդրվեն նոր նորմեր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 20-ին ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա նշել է, որ այդ նորմերը պետք է բացառեն Հայաստանում այն մեքենաների երկարատև վարումը, որոնք ԵԱՏՄ ոչ անդամ երկրների համարանիշներով են։

«Եթե կա օրենք, այն պետք է պահպանվի»,- նշել է նախարարը։

Հիշեցնենք, որ Հայաստանի և ԵԱՏՄ այլ երկրների քաղաքացիները, որոնք Հայաստան են ներմուծել ավտոմեքենա ժամանակավոր օգտագործման համար, կարող են մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը մաքսային ձևակերպում կատարել 40 տոկոս զեղչով՝ մինչև 5 տարեկան մեքենաների համար։ Այդ արժեքը կփոխհատուցի Հայաստանի կառավարությունը։ 5 տարեկանից բարձր մեքենաների համար զեղչը կկազմի 70 տոկոս։ Հայաստանի պետեկամուտների կոմիտեի վերջին տվյալներով՝ ձևակերպում ստացել են 1 700 ժամանակավոր ներմուծված մեքենաներ։