Արցախի «Բարդակը» վերաբացվել է Երևանում

Ստեփանակերտի միակ փաբի՝ «Բարդակի» տերը` Ազատը, Արցախից տեղահանվելուց հետո նույն իր փաբը բացել է Երևանում։ Երևանյան «Բարդակը» արցախյանից տասն անգամ մեծ է։ «Սպուտնիկ Արմենիա»-ին Ազատն ասել է՝ Երևանում պետք է ավելի լավը ստեղծի․ դա միակ պայմանն է, որ իրեն լրիվ պարտված չզգա։

Հայկական Արցախում կյանքը միշտ եռում էր։ Այն միայն պատմական կառույցների, եկեղեցիների ու խելահեղ բնության երկրամաս չէր, այլև ակտիվ ապրող երիտասարդ օրգանիզմ։ Ստեփանակերտցի երիտասարդները և քաղաքի հյուրերը զվարճանալու մի քանի վայրեր ունեին, որոնցից ամենանշանավորը «Բարդակ» փաբն էր։ Փաբի կյանքում պատերազմները որոշիչ են եղել․ 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո էր ստեղծվել, 2020-ի պատերազմից հետո էլ ժամանցային վայրից վերաճել մասունքների պահպանման վայրի։

Փաբի հիմնադիրը (որը երկու պատերազմների մասնակից է)՝ Ազատ Ադամյանը, փաբի դուռը փոխել էր Տիգրանակերտի թանգարանից բերված փայտե դռնով, բակում Խնածախից բերված «Սմերչի» արկ կար, փաբի ներսում էլ երկու ցուցանակ էր կախել՝ Թալիշ գյուղի գյուղապետարանինն ու դեպի Տիգրանակերտ տանող ճանապարհինը։

Չնայած տեղահանության բարդություններին՝ այդ երկու ցուցանակն Ազատն իր հետ խնամքով հասցրել է Երևան․ հիմա նրանք երևանյան «Բարդակի» պատերին են։ «Ցուցանակները դրոնի տուփի մեջ դրեցի, բերեցի», -պատմում է։

Բայց այն, որ Երևանը իր վերջնակետը կլինի ու փաբի նոր ծննդավայրը կդառնա, Ազատը ճանապարհին չգիտեր․ ծրագրերը լրիվ ուրիշ էին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։