Պուտինն ինքնառաջադրվում է որպես Ռուսաստանի նախագահի թեկնածու. Սերգեյ Միրոնով

«Արդար Ռուսաստան-հանուն ճշմարտության» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետության ղեկավարի պաշտոնին առաջադրվում է ոչ թե որևէ կուսակցության կողմից, այլ պետք է ստորագրություններ հավաքի որպես ինքնառաջադրվող։

«Այսօր կազմկոմիտեի ժողովի ժամանակ կհայտարարվի, որ նա որևէ կուսակցությունից չի առաջադրվում՝ ո՛չ «Միասնական Ռուսաստանից», ո՛չ մեր կուսակցությունից։ Նա ստորագրություններ է հավաքելու»,- գործակալությանն ասել է Սերգեյ Միրոնովը՝ Վլադիմիր Պուտինի առաջադրման նախաձեռնող խմբի ժողովի շրջանակում։

Գործող օրենսդրության համաձայն՝ ինքնաառաջադրվողները պետք է ընտրություններին մասնակցելու համար հավաքեն 300 հազար ստորագրություն իրենց օգտին։ Այդ ընթացակարգից ազատված են հինգ կուսակցությունների թեկնածուները, որոնք խմբակցություններ ունեն Պետդումայում։ Արտախորհրդարանական կուսակցությունների թեկնածուները պետք է ԿԸՀ ներկայացնեն 100 հազար ստորագրություն։

Վլադիմիր Պուտինը հինգերորդ նախագահական ժամկետի պլանների մասին հայտարարել է դեկտեմբերի 8-ին։ Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Մոսկվայի «Զարյադիե» համերգասրահում տեղի է ունենում նրա առաջադրման գծով ընտրողների խմբի ժողովը։

Նախագահական ընտրությունների քվեարկությունը ընթանալու է երեք օր՝ 2024թ. մարտի 15-ից 17-ը։

Առաջադրվելու են նաև Դոնեցկի նախկին պաշտպանության նախարար Իգոր Ստրելկովը և Դոլգոպրուդնիի «Աջ ուժերի միության» պատգամավոր Բորիս Նադեժդինը։

«Յաբլոկո» կուսակցության դաշնային քաղաքական կոմիտեի նախագահ Գրիգորի Յավլինսկին նման հնարավորությունը կքննարկի այն դեպքում, եթե իր աջակցության համար հավաքվի 10 մլն ստորագրություն, տեղեկացրել է «Կոմերսանտը»։