Անահիտ Մանասյանն ընտրվել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի անդամ

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն նոյեմբերի 29-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին ընտրել է Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեում (ԽԿԿ, CPT) Հայաստանի անդամ:

ԽԿԿ-ն ստեղծվել է համաձայն Եվրոպայի խորհրդի «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոնվենցիայի», որը ուժի մեջ է մտել 1989 թվականին: Այն գործում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում։ Կոմիտեն կազմված է անկախ և անկողմնակալ փորձագետներից՝ իրավաբաններից, բժիշկներից, հոգեբաններից և այլ մասնագետներից:

Կոմիտեի անդամներն այցելություններ են իրականացնում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ազատությունից զրկման վայրեր, որոնք ներառում են քրեակատարողական հիմնարկները,  ոստիկանության ստորաբաժանումները, ձերբակալվածներին պահելու վայրերը, հոգեբուժական կազմակերպությունները, սոցիալական խնամք տրամադրող հաստատությունները, միգրացիոն կենտրոնները և այլն:

ԽԿԿ-ի պատվիրակություններն օգտվում են ազատությունից զրկման վայրեր անսահմանափակ այցելության և անարգել մուտք գործելու իրավունքից:

Նրանք կարող են առանձնազրույց ունենալ ազատությունից զրկված անձանց հետ և ազատորեն շփվել ցանկացած անձի հետ, որը կարող է անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել:

Անահիտ Մանասյանի անդամակցության ժամկետն է 2023 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 19-ը: