Շոլցն Օրբանին ուղարկել է «սուրճ խմելու». մանրամասներ ԵՄ նիստից

Politico-ն մանրամասներ է ներկայացնում ԵՄ գագաթնաժողովում Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների վերաբերյալ երեկվա թեժ քննարկումից։ Ըստ Politico-ի՝ ինչ-որ պահի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին հրավիրել է դուրս գալ սենյակից:

Ըստ հրապարակման՝ երեք ժամ տևած քննարկումներն Օրբանի դիրքորոշման պատճառով փակուղի են մտել, որից հետո Գերմանիայի կանցլերը Հունգարիայի վարչապետին առաջարկել է դուրս գալ սենյակից և սուրճ խմել։ ԵՄ աղբյուրը լրագրողներին ասել է, որ Օրբանն ի վերջո ժամանակավորապես լքել է դահլիճը, որտեղ տեղի է ունեցել քվեարկությունը։

ԵՄ՝ Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցություններ սկսելու որոշումը առանցքային է եղել։ Այնքան կարևոր, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելը անսովոր քայլ է արել՝ անձամբ հայտնվելով տասնյակ հավատարմագրված լրագրողների մոտ և հայտարարել, որ դա «պատմական պահ էր»:

Բրյուսելի ուղերձը Կիևին, Մոսկվային և Վաշինգտոնին պարզ էր։ ԵՄ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային և ավելի մոտեցնել նրան դաշինքին, նույնիսկ այն դեպքում, երբ ԱՄՆ-ն պայքարում է Կոնգրեսի միջոցով օգնության սեփական փաթեթը ստանալու համար, իսկ Ուկրաինան՝ պատերազմի դաշտում փակուղային իրավիճակից դուրս գալու համար: