Ադրբեջանցի հանցագործներն արդեն իրենց հայրենիքում են

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին սպանած ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը և ծառայակից Ագշին Բաբիրովն իրենց հայրենիքում են։

«Ուրախ եմ, որ վերադառնում եմ Ադրբեջան, ամեն ինչ լավ է»,- ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է Հուսեյն Ախունդովը։

Նրանք ապրիլի 7-ին Նախիջևանի կողմից ապօրինի հատել էին Հայաստանի սահմանը։ Ըստ քրեական գործի նյութերի` ապրիլի 12-ին, Ախունդովը, իր մոտ եղած ինքնաձիգով կրակել է «ԶՊՄԿ»-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի վրա և սպանել նրան։

Դեպքից հետո գողացել էր սպանվածի հեռախոսը, տեսաուղերձ նկարել և ներբեռնել սոցիալական ցանցի իր էջում։ Նա փորձել էր գողանալ նաև տուժողի մեքենան և փախուստի դիմել Իրան, բայց չէր հաջողել։ Դեպքի հաջորդ օրը Աճանան գյուղի մոտ բնակիչները նկատել են Հուսեյն Ախունդովին, վնասազերծել ու հանձնել իրավապահներին։

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ գերեվարված 32 զինծառայողներ հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը և գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

«Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն և կվերադառնան իրենց հարազատների մոտ»,- գրել Փաշինյանը՝ հրապարակելով վերադարձած գերիների անվանացանկը։